Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հընթացս սրբազան արարողության Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի կատարած սխրանքին` շեշտելով, որ այսօր էլ ամենքս առաքյալների նման պիտի դառնանք նոր լուսավորիչներ` մեր առաքինի կյանքով, գործերով եւ նվիրվածությամբ դառնալով քրիստոնեության քարոզիչները մեր ընտանիքներում եւ շրջապատում:

Տոնի առիթով հանդիսավոր թափորով Մայր Տաճար էին բերվել Քրիստոսի երկու առաքյալների մասունքներով Սուրբ Աջերը, որպեսզի բարեպաշտ ժողովուրդը, հպվելով դրանց, հաղորդ դառնա առաքյալների օրհնությանը:

Այնուհետեւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված առաքյալների տոնին:

Ձեւավորված ավանդույթի համաձայն` այս օրը հռչակված է իբրեւ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների տոն: Միջոցառումը բացվեց Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքով, ով անդրադարձավ ՔԴԿ-ի ստեղծման պատմությանը եւ առաքելությանը, ինչպես նաեւ մեր օրերում կիրակնօրյա դպրոցների կարեւորությանը: Հայր Սուրբը տոնի առիթով ջերմորեն շնորհավորեց մեկօրյա կիրակնօրյա վարժարանների ուսուցիչներին, ովքեր անձանձրույթ նվիրվածության շարունակում են հավատքի սերմերը ցանել մատաղ սերնդի հոգիներից ներս:

«Քրիստոնեության լույսն ի Հայս» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Գեւորգյան ճեմարանի հայոց պատմության դասախոս Պետրոս Հովհաննիսյանը` անդրադառնալով առաքելական քարոզչության նշանակությանը մեր ժողովրդի կյանքում եւ եկեղեցի-դպրոց հարաբերություններին, այսօրվա ուսուցչին նկատելով առաքյալների եւ Ս. Թարգմանչաց գործը շարունակողներ:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի ձեռամբ տեղի ունեցավ պարգեւաբաշխություն: Թեմակալ առաջնորդների կողմից առաջադրված ինը ուսուցիչների (Արարատյան Հայրապետական թեմից` Տիգրանուհի Սուքեյան, Արմավիրի թեմից` Ռուզաննա Հարությունյան, Գեղարքունյաց թեմից` Քնարիկ Քոչարյան, Կոտայքի թեմից` Սիրանույշ Առաքելյան, Շիրակի թեմից` Սվետլանա Արզումանյան, Գուգարաց թեմից` Ալբինա Գարյան, Տավուշի փոխառաջնորդությունից` Մանյա Խեչյան, Սյունյաց թեմից` Լաուրա Գրիգորյան եւ Սյունյաց փոխառաջնորդությունից` Նոնա Հայրապետյան) հանձնվեցին պատվոգրեր եւ վերջին շրջանում Մայր Աթոռում հրատարակված հոգեւոր գրականություն: Ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Ալվարդ Կաղզվանցյանը` իր սրտի զգացումները կիսելով ներկաների հետ եւ անդրադառնալով կիրակնօրյա ուսուցչի բարձր կոչմանը:

Հանդիսության ավարտին ներկաներին Հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց, որ ՔԴԿ-ն շարունակում է տարիներ առաջ հաստատված այս ավանդույթը` առաքյալների տոնին պատվելու կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ կիրակնօրյաները գործում են բոլոր թեմերից ներս եւ ուսուցիչներին, իբրեւ հոգեւոր սպասավորիների աջակիցների, այսօր վերապահված է հոգեղեն եկեղեցին հաստատել մեր ժողովրդի զավակների հոգիներում եւ բարի օրինակ լինելով մանուկների համար` նրանց հոգիները սնուցանել աստվածպաշտությամբ եւ աղոթքով: «Ամենաօրհնյալ եւ պատվավոր աշխատանք են վստահել Եկեղեցին եւ ազգն ուսուցիչներին: Որքան հավատավոր է ազգը, այնքան զորավոր է նա: Աստծո հետ ենք մենք զորեղ, Աստծո հետ ենք ի վիճակի հաղթահարել ամեն տեսակ դժվարություն: Աստծո հետ ենք ի վիճակի միայն մեր կյանքն առաջնորդել սրբության, բարության եւ լույսի մեջ»,-նշեց Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ թեմակալ առաջնորդներին եւ հոգեւոր սպասավորներին` կիրակնօրյա դպրոցներին ըստ ամենայնի աջակցելու համար:

Հանդիսությանը շարականների կատարումներով հանդես եկան Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի երգչախումբը, Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կիրակնօրյայի ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը, ասմունքեց Նաիրա Հակոբյանը: