Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը դուրս բերվելիք սրբությունները
Հայրապետական տնօրինությամբ Հայոց Ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողության առիթով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները.
1. Սուրբ Գեղարդ
Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Հայոց եկեղեցական ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք: 18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում: Սբ Գեղարդը նաև Սրբալույս մյուռոնի օրհնության երեք սրբություններից մեկն է:
2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ
Լուսավորչի Աջն Ամենայն Հայոց Հայրապետի հոգևոր բարձրագույն իշխանության խորհրդանիշն է: Աջաձև մասունքարանի մեջ ամփոփված է Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայոց Հայրապետի աջ ձեռքը: Արծաթյա ոսկեզօծ նոր մասունքարանը պատրաստվել է 1657 թ.: Լուսավորչի Աջը նաև Սրբալույս մյուռոնի օրհնության երեք սրբություններից մեկն է:
3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան
1651 թ. պատրաստված խաչ-մասունքարանի մեջ զետեղված է Տեր Հիսուս Քրիստոսի կենսատու խաչափայտից մի փոքրիկ կտոր: Խաչ-մասունքարանը Սրբալույս մյուռոնի օրհնության երեք սրբություններից մեկն է:
4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ
Հայ եկեղեցական արվեստի անգին գոհարներից է Կիլիկյան Հայաստանում 1293 թ. պատրաստված Սկևռայի մասանց պահարանը, որը պահվում է Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և հոգաբարձությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի` 2014 թ. պատրաստվել է այդ մասանց պահարանի կրկնօրինակը, որի մեջ ամփոփվել են բուն պահարանից հանված և 2000 թ. Հայոց Եկեղեցուն հանձնված 18 սրբերի (Ս. Պողոս, Պետրոս, Թադևոս, Բարդուղիմեոս առաքյալների, ս. Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնա հայրապետի, Հովհան Ոսկեբերանի, ս. Կատարինեի և այլոց) մասունքները:
5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով
ԺԷ-ԺԸ դդ. թվագրվող արծաթյա աջաձև մասունքարանի մեջ ամփոփված է քրիստոնյա առաջին նահատակ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքը:
6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով
Արծաթյա ոսկեզօծ աջաձև մասունքարանի մեջ ամփոփված է Ս. Հռիփսիմե կույսի մասունքը: Մասունքարանը թվագրվում է ԺԷ-ԺԸ դդ.:
7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով
ԺԷ դ. պատրաստված արծաթյա ոսկեզօծ աջաձև մասունքարանի մեջ զետեղված է Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիա առաքյալի մասունքը:
8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով
ԺԷ-ԺԸ դդ. թվագրվող արծաթյա աջաձև մասունքարանի մեջ ամփոփված է Ս. Սահակ Ա Պարթև Հայոց Հայրապետի մասունքը: Ս. Սահակի աջը Մայր Աթոռ է բերվել Արևմտյան Հայաստանից` Լիմ անապատից:
9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով
Աջաձև մասունքարանը պատրաստվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2008 թ. (արծաթագործ` Մամիկոն Մխիթարյան): Մասունքարանի մեջ զետեղված են Ս. Սարգիս Զորավարի մասունքները, որոնք հայտնաբերվել էին Ուշիի Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանի պեղումների ժամանակ:
10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով
1928 թ. Կալկաթայում պատրաստված աջաձև մասունքարանի մեջ ամփոփված է Ս. Գևորգ Զորավարի մասունքը: Աջը պատրաստվել է արծաթից և ոսկեզօծվել:
11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով
ԺԸ դարում պատրաստված խաչ-մասունքարանի մեջ ամփոփված են Հայոց առաջին լուսավորիչներից Ս. Թադեոս առաքյալի և առաջին հայ նահատակ Ս. Սադուխտ արքայադստեր մասունքները:
12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով
Կիլիկյան Հայաստանում ստեղծված և ԺԴ դարով թվագրվող խաչ-մասունքարանի մեջ ամփոփված է Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:
13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով
ԺԹ դարով թվագրվող ութանկյուն աստղաձև մասունքարանի մեջ ամփոփված են Ս. Գրիգոր Նարեկացու և համաքրիստոնեական մի քանի սրբերի մասունքներ: Մասունքարանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է հանձնվել 2012 թ.:
14. Զեյթունի Ավետարան
Մաշտոցյան Մատենադարանում պահվող բազում գանձերից մեկն է Զեյթունի Ավետարանը, որ ծաղկել է Թորոս Ռոսլինը 1256 թ. Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Ս. Ավետարանը Մատենադարանին է նվիրել Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: