Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ով իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ապրիլյան Եղեռնի մեր նահատակներն իրենց գոյությամբ հավատացին և հետևեցին այն ճշմարտությանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով, խոսքով փոխանցեց ողջ մարդկությանը. «Մի´ երկնչիք յայնցանէ, որք սպանանեն զմարմին, եւ զոգի ոչ կարեն սպանանել» (Մատթ. Ժ 28):
Այսօր ուխտի օր է մեզ համար և այս տխուր առիթով ազգովի համախմբվել ենք Քրիստոսակերտ ու Լուսավորչահիմն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ծիծեռնակաբերդի վսեմ բարձունքում` Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև, ջերմեռանդ աղոթքով, խնկով ու մոմերով մեր հարգանքի և պաշտամունքի բաժինը բերելու նրանց խնկելի, պաշտելի, համբուրելի հիշատակին: Ցավալի է ասել, որ մեր ժողովրդի պատմական կյանքը հնուց ի վեր եղել է տառապանքների ու մարտիրոսացումների երկար և ահեղազանգ շղթա. պարսկական, թաթարական ու թուրքական արյունոտ ողջ շրջանում հայը շատ անգամ բնաջինջ լինելու էր դատապարտված, սակայն իր տոկալու զորավոր կամքի ու կորովի շնորհիվ հաճախ կարողացել է մոխիրներից կյանք առնել:
…Ահա 99 տարիներ, հավատարիմ իրենց ուխտին, երիտասարդներ, ծերունիներ, մանուկներ, կանայք և աղջիկներ սեպում են իրենց աղոթքները Ծիծեռնակաբերդում` արդարության և ճանաչումի ակնկալիքով: Բողոքի, ցավի և դառնության երթ է` աշխարհին և պետություններին հիշեցնելու ճշմարտության ճանաչումը, որովհետև ինչպես առաքյալն է ասում. «Ծանիջի´ք զճշմարտութիւն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Հովհ. Ը 32): Այո´, ճշմարտության ժխտումը կամ մերժումը ծանր բեռ է ոչ միայն մերժվածի, այլև մերժողի վրա: Ճշմարտությունը կարող է վարագուրվել, կարող է խեղդվել, բայց ոչ երբեք խափանվել կամ կորչել», - մասնավորապես նշեց պատարագիչ Սրբազանը:
Անուշավան եպիսկոպոսը հավատավոր հայորդիներին հորդորեց մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև ուխտել վառ պահելու հայրենասիրության վսեմ ոգին, հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ավանդույթներին և պանծալի սկզբունքներին, ուխտել թոթափելու իրարարմերժ, ատելավառ, ազգավնաս արարքները, լինել պատնեշ ընդդեմ այլասերման կործանարար ձգտումների, լինել մեկ սիրտ ու մեկ հոգի` պաշտպանելու համար ազգային դիմագիծն անարյուն, սպիտակ ջարդերի հանդեպ:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմպերճյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:
Աղոթքի և ուխտի խաչքարը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում` կառուցված 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով : Հուշարձանը նաև խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ: