Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ Վարշավայում

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ Վարշավայում 25.04.2012
Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ Վարշավայում

Ամեն տարի` ապրիլի 24-ին, Լեհաստանում բնակվող հայ ժողովուրդն իր լեհ բարեկամների հետ նշում է Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերի հիշատակը` երթերի և տարբեր միջոցառումների ձևով:

            Այս տարվա ապրիլի 24-ի երթը, որին մասնակցում էին Վարշավայում և տարբեր քաղաքներում` Լոձում, Պլոցկում, Մինսկ-Մազովիեցկիում, Կիելցեում, Լուբարտուվում, Կրակովում, Օլշտինում բնակվող բազմաթիվ հայեր, կազմակերպվել էր Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարշավայի Ծխական խորհրդի կողմից` գլխավորությամբ Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանի:

Բազմաթիվ հայերի և լեհերի մեծ բազմություն էր հավաքվել Վարշավայի Հրեշտակաց Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու բակում, որտեղ տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն` Ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստից հետո Լեհահայոց հոգևոր հովիվ հայր Տաճատն օրվա խորհրդի հետ կապված իր խոսքն ուղղեց հավաքված ներկաներին: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը` հայկական դրոշներով և Հայոց Ցեղասպանությունն իրականացնողներին դատապարտող ցուցապաստառներով, շարժվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն, որի առջև ելույթներ ունեցան Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարշավայի Ծխական Խորհրդի անդամներ Էդգար Բրոյանը և Աշոտ Ներսիսյանը` մեղադրական և պահանջատիրական խոսքեր ուղղելով թուրքական կառավարությանը` Հայոց Ցեղասպանության հանդեպ առ այսօր  դրսևորած ժխտողական քաղաքականության և կեցվածքի համար:

Այս տարվա ապրիլի 24-ին Վարշավայում հավաքված հայերի հոծ բազմությունը կոչ էր աշխարհին և համայն մարդկությանը, որ Լեհաստանում բնակվող հայերը միանգամայն միասնական ու վճռական են հայոց համար խիստ կարեւոր եւ համազգային բոլոր խնդիրներում: