Հայոց Կաթողիկոսը մասնակցեց համահայկական համաժողովի բացման արարողությանը
Սեպտեմբերի 19-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի բացմանը:
Բացման արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց համաժողովի մասնակիցներին:
Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս Արամ Ա Մեծի Տանն Կաթողիկոս,
Բարեպաշտ հայորդիք և հարգարժան հյուրեր.
Բերկրաշատ հոգով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ` համաժողովի մասնակիցներիդ: Աշխարհի բոլոր կողմերից Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներդ և ներկայացուցիչներդ եկել եք Հայրենիք` հայրենի պետության և հայրենաբնակ ձեր քույրերի ու եղբայրների հետ միասնաբար քննարկելու ազգային մեր կյանքը հուզող խնդիրներ` ի սեր մեր երկրի ու ժողովրդի առաջընթացի և նվիրական իղձերի իրականացման:
Խորհրդանշական է համաժողովի հրավիրումը Մայր Հայրենիքում մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանի լույսի ներքո, որը մեր ժողովուրդը տոնում է հոգու խնդությամբ, հպարտությամբ ու քաջալերությամբ: Ժողովուրդները ապրում ու գոյատևում են հայրենիքով, իսկ հայրենիքը ծաղկում է իր զավակների նվիրումով ու զոհողություններով: Արդարև, Արցախի և Հայաստանի անկախության հռչակումով նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր դարագլուխ սկսվել մեր ժողովրդի կյանքում: Դարեր ի վեր ավերների ու կոտորածների, ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը անվարան հռչակեց, որ տերն է իր երկրի, իր իրավունքների, իր արդար դատի և իր ազգային ժառանգության ու միահամուռ ջանքերով ձեռնամուխ է ազգային իր նպատակների իրագործմանը:
Տոնական այս օրերին մենք հուզումով ենք վերհիշում 1991 թ. պանծալի սեպտեմբերը, մեր ժողովրդի ապրած խնդությունը, լավատեսությունը և իր նոր կյանքը կառուցելու հաստատակամությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի փառաբանական աղոթքով օրհնեց իրականություն դարձած մեր ազգային երազանքը` անկախ Հայրենիքը` Հայաստանով ու Արցախով, աշխարհսփյուռ մեր ժողովրդին կոչելով միասիրտ ու միասնական շենացնել ու պայծառացնել Հայրենիքը: Երկու տասնամյակում մեծ տեղաշարժեր են եղել, մեր Հայրենիքը վերափոխվում ու զորանում է հայրենի իշխանության և մեր ժողովրդի ջանք ու նվիրումով: Այսօր գոհունակությամբ և գնահատանքով ենք անդրադառնում Սփյուռքի հայության մեծ աջակցությանը Հայրենիքին, պատրաստակամ հանձնառությանը, որով Սփյուռքի բարերար մեր զավակները, կազմակերպություններն ու անհատ անձինք զորակցություն բերեցին հայրենական կյանքին, հայոց բանակին, կարևոր և գնահատարժան մասնակցություն ունեցան տնտեսության մեջ, կրթական, առողջապահական, մշակույթային ասպարեզներում, բնակավայրերի բարեկարգմանը, վանքերի ու եկեղեցիների վերանորոգությանն ու կառուցմանը և ամենուր` որտեղ եղել է անհրաժեշտություն սատարումի:
Ձեռքբերումներով և առաջընթաց զարգացումներով հանդերձ, այսօր մեր երկիրը դիմագրավում է տնտեսական, քաղաքական, ընկերային կյանքի բազմաթիվ խնդիրներ: Մեր առջև կանգնած հրամայականներ են Հայաստանում և Արցախում բարօր կյանքի կերտումը, Արցախյան հինախնդրի արդար կարգավորումը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, որոնք մեր ժողովրդից պահանջում են նոր ջանքեր, հանձնառություններ ու իրագործումներ:
Հաշված տարիներ հետո հիշատակելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին ընդառաջ մենք պիտի շարունակենք մեր համակարգված գործունեությունը ընդդեմ Թուրքիո Ցեղասպանության ժխտողական քաղաքականության: Պահանջատիրությունը մեր ցանկությունների, մեր որոշումների արդյունք չէ, այլ հետևանքը մեր ժողովրդի նկատմամբ Թուրքիո գործած ոճրի: Հայ Դատի պաշտպանությունը ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի հոգու պարտքն է նախնյաց և Աստուծո առջև: Մենք իրավունք չունենք տկար լինելու, մեր կարողություններն ու հնարավորությունները վատնելու, այլ համախմբված, հետևողական ու աննահանջ շարունակելու պայքարը մեր ժողովրդի արդարության հաղթանակի համար:
Համաժողովի սիրելի մասնակիցներ,
Ձեր օրակարգում կարևորությամբ քննության եք առնելու երիտասարդությանը վերաբերող հիմնախնդիրները, մեր մատաղ սերնդի ուսման, ազգային կրթության ու դաստիարակության հրամայականները: Կրթության խնդիրը միշտ արդիական է, իսկ մեր ժողովրդի համար հայապահպանության լույսի ներքո` կենսականորեն կարևոր: Տարբեր մշակույթների ու տարբեր արժեհամակարգերի պայմաններում հասակ առնող և հաճախ ժամանակակից աշխարհի անցանկալի ընթացքների ազդեցություններին ենթարկվող հայորդյաց համար ինքնության պահպանության պայման ու ապահով հենարան է հայրենաճանաչությունը, քրիստոնեական մեր հավատքին ու արժեքներին, մեր ազգային ավանդներին խարսխված որակյալ կրթությունը: Այս կերպով մեր ընտանիքներում, մեր եկեղեցիներում, ազգային ու կրթական մեր հաստատություններում կարող պիտի լինենք կերտել Աստծո, ազգի, Հայրենիքի ու Եկեղեցու առջև պատասխանատվություն կրող երիտասարդություն: Ամենքս պիտի գործենք Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ մեր զավակների համախմբման նախանձախնդրությամբ, մեր հավատքը, մեր լեզուն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու կամքով: Ազգապահպանության, հայրենաշինության և ազգային մեր խնդիրների լուծման նախադրյալը մեր համագործակցությունն ու քրտնաջան աշխատանքն է, մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը: Այս նպատակների իրականացման գործում մեր Եկեղեցու անփոխարինելի դերի և առաքելության կարևորության համոզումն ունենալով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ջանքեր է ներդնում առավել կարգավորված դարձնելու եկեղեցական կյանքը Հայրենիքի և Սփյուռքի համայնքներում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Նվիրապետական մեր մյուս Աթոռների հետ համատեղ աշխատանքով լուծելու անցյալից ժառանգություն մնացած խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր հոգևոր և ազգային կյանքի առաջընթացը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի պայծառ, լուսավոր ապագային, որը պիտի կերտենք այսօր անկախացյալ հայրենի մեր պետականության ամուր հիմքերի վրա: Այդ հավատն է համախմբել ձեզ Հայրենիքում` միասնաբար քայլեր ձեռնարկելու, ջանքեր գործադրելու` զորացնելու համար հիմերը մեր անկախ պետականության, ամրապնդելու ազգային կյանքը Սփյուռքի համայնքներում, հետամուտ լինելու մեր ժողովրդի իղձերի ու նպատակների իրականացմանը: Արդարև, մեզ չեն պակասում մարդկային ուժեր, նյութական հնարավորություններ, եկեղեցական, ազգային, պետական կառույցներ, մեզ չեն պակասում գիտական միտք ու շնորհալի հոգու կարողություններ, իրականություն դարձնելու ազգային մեր ծրագրերը և տեսիլքները:
Գոհություն բարձրացնելով առ Աստված, ի խորոց սրտի հայցում ենք, որ Տերը խաղաղ ու հաստատուն պահի մեր պետությունը, օգնական ու աջակից լինի հայրենի մեր իշխանություններին և մեր ժողովրդի բոլոր զավակներին ամենուր, օրհնի մեր ջանքերն ու գործերը և հաղթությամբ պսակի մեր նպատակները:
Մեր բարձր գնահատանքն ենք բերում Սփյուռքի նախարարությանը և համաժողովի բոլոր կազմակերպիչներին, ինչպես և ձեզ, համաժողովի սիրելի մասնակիցներ, հորդորելով, որ նույն անսակարկ նվիրումով շարունակեք ձեր ընթացքը` նորանոր բարի իրագործումներով զարդարելով ձեր ազգօգուտ, հայրենաշեն ու եկեղեցաշեն վաստակը: Առ Աստված աղոթքով մաղթում ենք բարի ընթացք և արդյունավոր աշխատանք Հայրենիք-Սփյուռք համաժողովին: Տերն է մեր ապավենը սերնդեսերունդ, որ օրհնում է ազգիս կառուցելու և պայծառացնելու իր վերածնվող կյանքը այսօր և հավիտյան. ամեն: