Հայոց Եկեղեցու երեք սրբությունները տարվեցին Մոլդովա
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Քիշինեւի եւ Համայն Մոլդովայի Վլադիմիր միտրոպոլիտի խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական երեք սրբությունները` Ս. Հովհաննես Մկրտչի, Ս. Պետրոս առաքյալի եւ Ս. Գեւորգ զորավարի մասունքները տարվեցին Քիշինեւ` Մոլդովայի հավատավոր ժողովրդի երկրպագության համար:
Այս առիթով Քիշինեւի եւ Համայն Մոլդովայի Վլադիմիր միտրոպոլիտի օրհնությամբ Մայր Աթոռ էին ժամանել Տ. Վիկտոր ավագ քահանա Պլեշկան եւ Իոն ավագ սարկավագ Նովակը: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Վլադիմիր միտրոպոլիտի ներկայացուցիչների հետ Հայոց Եկեղեցու սրբությունները Քիշինեւ փոխադրեցին Մոլդովայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տ. Սահակ աբեղա Շաքարյանը եւ Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Հուլիսի 11-21-ը Հայոց Եկեղեցու երեք սրբությունները կդրվեն Քիշինեւի Քրիստոսի Ծննդյան Մայր Տաճարում եւ Մոլդովայի հավատավոր ժողովրդին հնարավորություն կընձեռվի օրհնություն ստանալու սրբերի մասունքներից: Մեկ օր դրանք կտեղափոխվեն նաեւ Քիշինեւի Ս. Աստվածածին հայկական եկեղեցի: