Հայկական գրադարանների միջազգային համագումար Մայր Աթոռում
Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ մասնակցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օգոստոս 25-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հայկական գրադարանների միջազգային առաջին համագումարը:
ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված համաժողովին մասնակցում էին Հայաստանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնի, Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԳԱԱ-ի հիմնարար գրադարանի, ԵՊՀ-ի գրադարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հայագիտական գրադարանի, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայաստանի ազգային գրապալատի, Երաժշտագիտական գրադարանի, Արարատի մարզային գրադարանի, Արմավիրի մարզային գրադարանի, Գեղարքունիքի մարզային գրադարանի, Լոռու մարզային գրադարանի, Կոտայքի մարզային գրադարանի, Շիրակի մարզային գրադարանի, Վայոց Ձորի մարզային գրադարանի, Տավուշի մարզային գրադարանի, Սյունիքի մարզային գրադարանի, Արագածոտնի մարզային գրադարանի, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան գրադարանի, ՀՀ Մշակութային արժեքների պահպանության գործակալության աշխատակիցներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքությունից, Զմմառի Հայ Կաթողիկե արծիվյան միաբանությունից, Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, Վիեննայի Մխիթարյան միաբանությունից, Հարվարդի Համալսարանից (Widener Library Middle East Division), Միչիգանի Համալսարանից (ԱՄՆ), Կալիֆորնիայի համալսարանից (ԱՄՆ, Ֆրեզնո),ՀԲԸՄ Նուբարյան գրադարանից (Ֆրանսիա, Փարիզ), Բրիտանական գրադարանից (Մեծ Բրիտանիա), «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնից (ԱՄՆ), Ամերիկայի Հայկական գրադարանից եւ թանգարանից (ԱՄՆ),Հայկական հետազոտությունների ազգային ընկերակցություն (ԱՄՆ), Ֆրանսիայի Ազգային գրադարանից, Հայկական մշակութային միությունից (ԱՄՆ), Ռուսաստանի Ազգային գրադարանից եւ Ս. Ներսես Ճեմարանից (ԱՄՆ):
Եռօրյա քննարկումների ընթացքում լսվեցին մասնակից գրադարանների ու հաստատությունների հաղորդումները եւ տասներկու թեմատիկ զեկուցումներ: Քննարկվեցին հարցերի լայն շրջանակ, այդ թվում` տեղեկատվության եւ նյութերի փոխանակության, գրադարանների հավաքածուների էլեկտրոնային քարտագրման, թվայնացման եւ պահպանման, հայաստանյան գրադարանների ներկա վիճակի, հայագիտական գրադարանների միջեւ համագործակցության վերաբերյալ, եւ այլ հիմնախնդիրներ:
Օգոստոսի 26-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով տեղի ունեցավ գործնական հանդիպում համագումարին մասնակից Սփյուռքում գործող գրադարանների եւ հաստատությունների հետ:
Համագումարն ընդունեց բանաձեւ եւ ձեւավորեց աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվի համապատասխան ինտերնետային կայքի ստեղծմամբ` ապահովելու համար հայերեն եւ օտարալեզու հայագիտական գրականության մասին տեղեկատվությունը Հայաստանից եւ արտերկրից:
Համագումարի մասնակից գրադարանները եւ հաստատությունները մինչեւ 2012 թ. ծրագրում են անցկացնել բազմապիսի միջոցառումներ ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում` ի նշանավորումն հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանի: