Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ
Մարտի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի ներկայացուցիչ տիկ. Կոնսուելո Վիդալին: Սա տիկ. Վիդալի անդրանիկ այցն էր Մայր Աթոռ:
Շնորհավորելով ՄԱԿ-ի ներկայացուցչին նշանակման առիթով` Հայոց Հայրապետը նրան մաղթեց արգասաբեր գործունեություն: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի միջեւ իրագործվող արդյունավետ համագործակցությանը` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց այն բոլոր օգտակարությունների համար, որ ՄԱԿ-ի կառույցները ցուցաբերում են Հայաստանի կյանքի զանազան ոլորտներում:
Հանդիպմանը խոսվեց նաեւ ամենայն հայոց հավատի օրրան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության եւ ներկայիս գործունեության մասին: Անդրադարձ կատարվեց Նախիջեւանում Ջուղայի հայոց խաչքարերի ոչնչացման փաստին: