Հայաստանյան Կլոր Սեղանի տարեկան ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 18-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան բարգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան հերթական ժողովը` մասնակցությամբ հիմնադրամի միջազգային եւ Հայաստանյան գործընկեր կազմակերպությունների եւ եկեղեցիների ներկայացուցիչների: Ժողովը նախագահում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Սեպտեմբերի 18-ին ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, ապա բացման խոսք ասաց Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին եւ հաջողություն ու բարի ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին:

Ժողովի մասնակիցներին ցուցադրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետպատերազմական կյանքը ներկայացնող ֆիլմ` «Պատերազմ պատերազմից հետո»: Ֆիլմի դիտումից հետո քննարկվեցին տարածաշրջանի վերջին զարգացումները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խաղաղության ու հաշտեցման, ինչպես նաեւ կարողությունների զարգացման ծրագրեր:

Այնուհետեւ ՀԿՍ-ի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը ներկայացրեց հիմնադրամի 2007-2008թթ. գործունեության հաշվետվությունը, որը ըստ գործունեության ոլորտների շարունակեցին ՀԿՍ-ի ծրագրերի պատասխանատուները: Ժողովականների ուշադրությանը հանձնվեց նաեւ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը:

Ժողովն իր աշխատանքները շարունակեց նաեւ սեպտեմբեր 19-ին: «Սոցիալական դիակոնիան Հայաստանում եւ այլուր» թեմայի շրջանակակներում զեկույցներ ներկայացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի աշխատակից Աննա Ոսկանյանը, Գերմանիայի բողոքական եկեղեցիների սոցիալական ծառայությունների գործակալության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատու Ուտա Կոհլեր-Բաբանինը եւ ՀԿՍ-ի գործադիր տնօրեն պրն. Կարեն Նազարյանը: Այնուհետեւ աշխատանքային քննարկումները շարունակվեցին փոքր խմբերում: Քննարկումների արդյունքում հստակեցվեցին Կլոր Սեղանի հետագա ծրագրերն ու անելիքները: