Հայ Փոինթ ծխի ուխտավորների այցը Մայր Աթոռ
Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Փոինթ ծխի մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Հեյվըրհիլ քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Հայ Փոինթ ծխի հոգևոր հովիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի: Հանդիպման սկզբում Տ. Վարդը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավորներին` հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու հայրական պատգամը:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց, որ հայ ժողովրդի զավակներն այցելում են հայոց հոգևոր կենտրոն` զորացնելու հավատարմությունն ու նվիրավածությունը Հայ եկեղեցու հանդեպ: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց հայրենիքից հեռու ապրող հայորդիների նախանձախնդիր ոգին, որով նրանք փարված են ազգային-հայրենական կյանքին, սրբություններին ու ավանդույթներին: Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին համախումբ մնալ Եկեղեցու շուրջ և հայաշունչ ու Քրիստոսասեր ոգով շարունակել նվիրյալ ծառայությունը հայրենի կյանքում: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի արդյունքներով առատացնի ուխտավորների առաքելությունը հայրենիքի և եկեղեցու առջև:
Հանդիպման ավարտին Հայ Փոինթ ծխի ուխտավորներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար: