Հայ Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարին

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը գլխավորությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի մեկնեց Ռումինիա, ուր Սիբիու քաղաքում  կմասնակցի Երրորդ Համաեվրոպական էկումենիկ համագումարին:

Հայ Եկեղեցու պատվիրակության կազմում են` Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմերի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Ամերիկայի Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆրանսիայի հայոց թեմից Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Գերմանիայի հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, Բուլղարիայի թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Արշեն վարդապետ Սանոսյանը, Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ Առեն վարդապետ Շահինյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը, «Գարեգին Ա» հայագիտական եւ աստվածաբանական կենտրոնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Ռումինիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հոլքան, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն` պրն. դոկտոր Կարեն Նազարյանը, Միջեկեղեցական բաժնի աշխատակից օր. Գայանե Ալեքսանյանը, Ինտերնետային բաժնի աշխատակից օր. Ալինա Թոփչյանը, Կլոր Սեղանի աշխատակից օր. Ծովինար Ղազարյանը, տիկ. Նաիրա Մարտիրոսյանը, Մեսրոպ Ավետիսյանը (օպերատոր):

Համագումարին մասնակցելու են 2100 պատվիրակներ եվրոպական 126 եկեղեցիներից եւ Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսների կոնֆերանսից:

Համաեվրոպական Էկումենիկ 3-րդ համագումարի օրակարգում առաջադրված են այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են Եկեղեցիների փոխհարաբերություններին, հասարակությունների կյանքում առկա խնդիրների շուրջ Եկեղեցիների համընդհանուր դիրքորոշումներին, մարդկանց եւ ընտանիքների կյանքում հոգեւոր արժեքների հիմնավորման խնդրին, կրոնների երկխոսությանը, Եպրոպական երկրների մերձեցմանն ու միավորմանը մշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգություն ունեցող Եվրոպական աշխարհամասում:

Հայ Եկեղեցու ներկայացուցիչները հանդես կգան բանախոսություններով, իսկ սեպտեմբերի 8-ին տեղի կունենա պատարագ` հայկական ծեսով: