Հայ Եկեղեցու առաջնորդների ուղերձը ժողովրդին

Փետրվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ եպիսկոպոսների ժողով: Մտահոգություն հայտնելով Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով` Հայ Եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմեցին ժողովրդին:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Խորապես մտահոգ եւ անհանգստացած ենք նախագահական ընտրություններից հետո մեր երկրի ներքաղաքական լարված իրավիճակով:

Հուզումների ալիքները անհանդուրժողության եւ մեր ժողովրդի զավակների միջեւ առճակատման սերմեր են պարունակում իրենց մեջ: Ստեղծված իրավիճակը հղի է երկրի ներքին խաղաղությանն ու կայունությանը, մեր պետության վարկին սպառնացող վտանգներով:

Անկախության ճանապարհին մեր ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ է հաղթահարել` հույսով ու հավատով ավելի զորացող տեսնելու իր երկիրը եւ ոչ` բաժանումներից, բախումներից ու ցնցումներից տարուբերվող ու անհաստատ: Պառակտյալ ժողովուրդը դատապարտված է ձախողման իր իղձերի իրականացման մեջ, առաջընթաց ու զարգացած երկիր եւ հզոր պետականություն հաստատելու իր ձգտումների մեջ, ինչպես մեր Տերը` Քրիստոսն է ասում. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ .25):

Սիրելի հավատավոր հայորդիք, Մեր հորդորն է ձեզ պահպանել ողջամտության ու խոհեմության ոգին, լինել զգոն, օրինապահ, անարձագանք թողնել ատելություն եւ թշնամանք հրահրող ամեն ձայն, յուրաքանչյուր քայլ կատարել մեր երկրի հեղինակության, մեր ներկայի եւ ապագայի հանդեպ լուրջ մտահոգությամբ:

Կոչ ենք բերում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, գործել օրենքի շրջանակներում, որպեսզի անխաթար մնա մեր երկրի կայունությունը, չվտանգվեն մեր ժողովրդի ձեռքբերումները եւ կյանքի անդորրը: Հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները:

Հայրենի իշխանությանը կոչ ենք անում առավելագույն ջանքեր բերել խաղաղ գործընթացներով լուծման առաջնորդելու հուզող հարցերն ու մարտահրավերները:

Աղոթում ենք առ Ամենակարողն Աստված, որ Իր բարի հայացքի ներքո անխռով պահի մեր երկիրը, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ խաղաղության մեջ` աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն»: