Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության Կենտրոնական գրասենյակի անդամների ժողով Մայր Աթոռում
Մարտի 17-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության Կենտրոնական գրասենյակի անդամների ժողովը` նախագահությամբ կազմակերպության պատասխանատու, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եւ մասնակցությամբ կազմակերպության ատենապետ Կարեն Պետրոսյանի ու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի:
Եռօրյա ժողովի նպատակն էր նախապատրաստել կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը, որ գումարվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ս.թ. հուլիսի 7-10-ը:
Առաջին օրը ժողովականները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության կանոնադրության նախագծին, առաջիկա պատգամավորական ժողովի օրակարգին, պատվիրակների եւ Կենտրոնական Խորհրդի ընտրության կարգին, Պատգամավորական ժողովի պատվիրակների մասնակցությանը: Որոշվեց պատգամավորական ժողովի ավարտին կազմակերպել ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:
Ժողովին ներկայացվեց նաեւ երիտասարդաց կազմակերպության Կենտրոնական գրասենյակի գործունեության հաշվետվությունը: Քննարկումների արդյունքում ընդունվեց երկամյա մի պլան: Իբրեւ գործունեության ուղենիշ այն կներկայացվի պատգամավորական ժողովի, ապա եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջնական հաստատմանը: Որդեգրվեց կազմակերպության գործունեության համազգային եւ միջթեմական ուղղությունների փաստաթուղթը: Կազմակերպության գործունեության արդյունավետ լուսաբանման համար կարեւոր նկատվեց նաեւ համացանցային պաշտոնական կայքէջի հիմնումը:
Ժողովն ամփոփվեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքով: Հովնան Սրբազանը, մեծապես կարեւորելով երիտասարդների դաստիարակությունը ազգային-հոգեւոր արժեքներով, նրանց ներգրավումը Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության եւ Հայոց Եկեղեցում գործող երիտասարդական տարբեր միությունների շարքերում, հորդորեց զորեղ հավատքով, նվիրումով ու նախանձախնդությամբ հետամուտ լինել կազմակերպության աշխատանքներին եւ առաջիկա պատգամավորական ժողովի արդյունավետ կազմակերպմանը: