Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ համատեղ քննարկումները շարունակվում են
2008 թ. փետրվարի 5-6-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ 2001 թվականին սկսված համատեղ քննարկումների երկրորդ հանդիպումը` նվիրված «Մարդու իրավունքներ. բարոյականություն եւ ավանդական արժեքներ» թեմային:
Ստորեւ ներկայացվում է հանդիպման համատեղ հաղորդագրությունը:
ՀաղորդագրությունՀայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ համատեղ քննարկումների երկրորդ հանդիպման
Սուրբ Էջմիածին
2008 թ. փետրվարի 5-6-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ համատեղ քննարկումների երկրորդ հանդիպումը, որը նվիրված էր «Մարդու իրավունքներ. բարոյականություն եւ ավանդական արժեքներ» թեմային:
Համատեղ քննարկումներն սկսվել են 2001 թ.-ին երկու եկեղեցիների գահակալների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ Պատրիարքի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ` քննելու համար աստվածաբանական, եկեղեցական եւ հասարակական կյանքին վերաբերող առկա խնդիրներ: Առաջին հանդիպմանը, որ տեղի էր ունեցել 2001 թ. փետրվարի 13-15-ը, Սուրբ Էջմիածնում, քննարկվել էին հասարակական նշանակություն ունեցող ժամանակակից խնդիրներ, որոնք արտացոլված են Ռուս Ուղղափառ Եկեղեցու սոցիալական կոնցեպցիայի հիմունքներում:
Հանդիպման թեմայով հնչեցին չորս զեկույցներ.
- «Մարդու իրավունքները քրիստոնեական տեսանկյունից. ժամանակակից մարտահրավերներ» - Տ. Հովակիմ վրդ. Մանուկյան,
- «Աստվածաբանական մոտեցում մարդու իրավունքների նկատմամբ» - Հայր Գեորգի Րյաբիխ,
- «Մարդու իրավունքներ. աստվածաբանությո°ւն, գաղափարախոսությո°ւն, թե° քաղաքական տեխնոլոգիա» - Իգումեն Կիրիլ Գովոռուն,
- «Անկում դեպի վեր» - Արա Գալոյան:
Զեկույցները ներկայացնելուց հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մարդու իրավունքների գաղափարի ծագման, քրիստոնեական ավանդության եւ այլ աշխարհայացքային համակարգերի հետ դրա կապի, Եկեղեցի-պետություն հարաբերությունների մոդելի եւ ժամանակակից հասարակության մեջ Եկեղեցու առաքելության կերպերի մասին թեմաները: Արդյունքում կողմերը հանգեցին հետեւյալ եզրակացության:
Եկեղեցու հետաքրքրությունը մարդու իրավունքների նկատմամբ պայմանավորված է այն փաստով, որ մարդը եւ իր փրկությունը գտնվում են քրիստոնեական աստվածաբանության առանցքում: Այդ պատճառով մարդու իրավունքները, որոնք ուղղված են մարդ անհատի արժանապատվության եւ ազատության պաշտպանմանը, արժեք են ներկայացնում նաեւ քրիստոնեական ավանդության տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիներին, որոնք հալածանքների բազում շրջաններ են վերապրել:
Սակայն մարդու իրավունքների գաղափարը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս անհատի եւ հասարակության, եթե այն գործածվում է մեղքի եւ անբարո արարքների արդարացման եւ քարոզչության համար: Ժամանակակից հասարակությունը պետք է պաշտպանի ոչ միայն ընտրության ազատությունը, այլեւ մարդկանց ազատությունը մեղքից` թույլ չտալով անբարո եւ հոգեւորից զուրկ արժեքների պարտադրում հանրային կյանքում (կրթական համակարգ, ԶԼՄ-ներ, գործարար ոլորտ եւ այլն):
Մարդու իրավունքների գաղափարի գործադրումը չի կարող առանձնացվել ժողովրդի կրոնական եւ ազգային ավանդույթներից: Մարդու իրավունքների հիման վրա կրոնը չպետք է դիտարկվի բացառապես որպես մասնավոր երեւույթ: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի սահմանելու հասարակական կյանքում կրոնական ավանդույթների հետ փոխազդեցության իր ձեւերը:
Իր առաքելությանը հավատարիմ Եկեղեցին միշտ պաշտպանել է նեղյալներին եւ կարոտյալներին: Եկեղեցին պատրաստ է երկխոսության բոլոր այն մարդկանց հետ, որոնք անտարբեր չեն մյուսների ցավի եւ անարդարության նկատմամբ, եւ պատրաստ է միավորել իր ջանքերը պետական, հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դասախոս Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը, «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն պրն. Արա Գալոյանը:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից երկրորդ հանդիպմանը մասնակցում էին Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Մարկ եպիսկոպոս Եգորեւսկին (պատվիրակության ղեկավար), Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի միջքրիստոնեական կապերի քարտուղար Իգոր քահանա Վիժանովը, Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների` Եկեղեցու եւ հասարակության հարցերով զբաղվող բաժնի քարտուղար հայր Գեորգի Րյաբիխը, Կիեւի միտրոպոլիտության աշխատակից իգումեն Կիրիլ Գովոռունը, Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակից Ալեքսանդր քահանա Վասյուտինը:
Հանդիպման մասնակիցներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով համատեղ քննարկումների հերթական հանդիպման գումարումը` Վեհափառ Հայրապետը հաջողություն մաղթեց պատվիրակություններին իրենց աշխատանքում եւ վստահություն հայտնեց, որ այն կծառայի երկու Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերությունների առավել զորացմանը:
Երկօրյա քննարկումների ավարտին տեղի ունեցավ նաեւ հանդիպում միջազգային եւ հայկական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: