Համիդ Ջաֆարի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել Հաղարծնի վանական համալիրի բացման առիթով:
Հանդիպմանը պատվարժան հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնի պատկերով հուշամեդալներ հանձնեց տիար Համիդ Դիյա Ջաֆարին, ինչպես նաև Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերած պրն. Վարուժ Ներգիզյանին և պրն. Հրայր Սողոմոնյանին:
Իր հերթին տիար Համիդ Ջաֆարն ուրախություն արտահայտեց Շարժայի Շեյխի ազնիվ բարերարությամբ նորոգված Հաղարծնի վերաբացման առիթով և իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Ապա Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից ընթերցվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որով վանական համալիրի վերանորոգության գործում ներդրած ջանքերի համար տիար Վարուժ Ներգիզյանին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ձեռամբ շքանշանի հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ տիար Վարուժ Ներգիզյանը: Վերջինս անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ապա իր ուրախությունը հայտնեց տարիների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգված Հաղարծնի վանական համալիրի վերաբացման առիթով` ընդգծելով, որ այդ պատմական իրադարձությունը հնարավոր դարձավ Ամենայն Հայոց Հայրապետի և Շարժայի Շեյխի ունեցած անուրանալի ներդրման շնորհիվ:
Շնորհաբաշխության արարողությունն ավարտվեց Վեհափառ Հայրապետի օրհնության և գոհունակության խոսքով: Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքը հղեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիին` հաջողություններ մաղթելով մարդկային կյանքի առաջընթացին ուղղված նրա աստվածահաճո բոլոր ձեռնարկներին: Անդրադառնալով Հաղարծին վանքի նորոգությանը Իսլամ հավատքի հետևորդի կողմից` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Սա մարդկությանը և աշխարհին մատուցվող գեղեցիկ օրինակ է, որ կրոնները համերաշխ ապրում են: Որով մարդկությունը կարող է աստավածահաճո կյանքով ապրել երկրավոր այս ժամանակավոր կյանքի մեջ: …Իսկ խորհուրդը, որ Իսլամ հավատքի ներկայացուցիչն է հովանավորը Հաղարծնի վանական համալիրի, պիտի շաղախի յուրաքանչյուր հավատացյալի հոգին և բարձրացնի այն գիտակցությունը, որ մենք մեկ և նույն Աստծու զավակներն ենք` կոչված փառաբանելու Նրան այս երկրի վրա»:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Համիդ Ջաֆարին և նրա տիկնոջը` Շարժայի Շեյխի ազնիվ զգացումները փոխանցելու և մեր ժողովրդի ուրախությունը կիսելու համար:
Հանդիպման ավարտից հետո տիար Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությունը շրջեց Մայր Աթոռում` ծանոթանալով Հայ Եկեղեցու պատմությանը, այցելեց թանգարաններ, եղավ Մայր Տաճարում: