Համբարձման տոնը Մայր Աթոռում «Ահա այս վայրն է մեր հայոց հավատքի Ձիթենյաց լեռը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են»
Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս օրը տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության հիշատակը:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Սուրբ Պատարագի արարողության ավարտին Հովնան Սրբազանը քարոզեց օրվա խորհրդի շուրջ:
Իր խոսքում պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Հայրապետական Աթոռի Սսից Էջմիածին փոխադրման պատմական իրողությանը` մասնավորապես նշելով. «Հայրապետական Մայր Աթոռը, երկար տարիներ դեգերելով, 1441 թվականին վերջնականապես հաստատվեց այս Միածնաէջ վայրում: Մեր հայրապետները պատմության դաժան թելադրանքով ստիպված են եղել Հայրապետական Աթոռը տեղափոխել զանազան վայրեր:
Ի վերջո, այն վերահաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ահա այս վայրն է մեր հայոց հավատքի Ձիթենյաց լեռը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են, և այս եկեղեցու քարերը, ինչպես բանաստեղծն է վկայում, դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփաներ ունեն»: Մայր Աթոռի լուսարարապետն իր խոսքում նաև հայցեց, որ վերին զորքերի բարեխոսությամբ միշտ անշարժ մնա Հայկազյան Աթոռը, և Աստված ազգընտիր Հայոց Հայրապետին պարգևի կենաց արևշատություն:
Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ ԳԵրաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկարամյա արդյունաշատ գահակալության համար: