Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  29.05.2014
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

     Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, երբ տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության հիշատակը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանները: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
     Սուրբ Պատարագի արարողության ավարտին օրվա խորհրդի շուրջ քարոզեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրը, մեկնելով Համբարձման տոնի հրաշազարդ խորհուրդը, մասնավորապես նշեց. «…Այսօր մեր սուրբ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և մասնակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշում է Համբարձման տոնը: Տոն, որի պատգամն ամփոփված է Տիրոջ` մեզ հետ մշտական ներկայության մեջ` «Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը», - ասում է Քրիստոս: Իսկապես, աշխարհը ցնցող, աննախադեպ մի հայտարարություն է սա: Աշխարհը փոխվում է, բայց աշխարհի փոփոխությունը պայմանավորված է առաջին հերթին մարդու փոփոխությամբ: Եվ այս համատարած փոփոխությունների մեջ անփոփոխ է միայն Քրիստոս մշտական բարեկամության կոչով` «Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը»:
     Այս աշխարհում և՛ բարեկամությունը, և՛ թշնամությունը քայլում են կողք կողքի, երբ հաճախ փշերը մարդկանց մատուցվում են բամբակների մեջ և թույները` մեղրով պարուրված, սակայն Քրիստոս միանշանակ է և վճռական իր հայտարարության մեջ. «Ես ձեզ հետ եմ»: Նա չի ասում` Ես ձեզ հետ եմ, եթե դուք էլ Ինձ հետ լինեք: Նա վճռական ձայնով հայտարարում է` Ես ձեզ հետ եմ անկախ նրանից, թե դուք Ինձ հետ կլինեք կամ չեք լինի, Ես ձեզ հետ եմ ձեր նեղության մեջ, ձեր ուրախությունների մեջ, ձեր սրտնեղության մեջ և ձեր խանդավառության ու ուրախության մեջ, կյանքի բոլոր հանգրվաններում: Եվ Քրիստոսի Համբարձումից հետո այս առաքելությունը վերջ չգտավ: Քրիստոս Ինքը հաստատեց այն հաստատությունը, որը կոչված է այս աշխարհում շարունակելու իր առաքելությունը մարդկանց հետ լինելու մեծ և սքանչելի առաքելությունը, և այդ առաքելության իրականացնողը մեր ժողովրդի կյանքում դարեր շարունակ եղավ մեր Սուրբ Եկեղեցին իր բոլոր կառույցներով, իր նվիրյալ հոգևորականներով ու սպասավորներով: Մեր Եկեղեցին Ավարայրում քաջամարտիկների հետ եղավ, եղավ Սարդարապատում, որի հիշատակը մենք այս օրերին տոնեցինք, որին մասնակցություն բերեցին բազում նվիրյալ եկեղեցականներ՝ շինականների, քաղաքական ու մտավորական գործիչների հետ միասին»:
     Անդրադարձ կատարելով նաև Հայոց Հայրապետական Աթոռի Սսից Էջմիածին փոխադրման պատմական փաստին` իր քարոզում Արշակ Սրբազանը հավելեց. «…Սրանից հիսուն տարի առաջ `1951 թ.-ին, երջանկահիշատակ Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի եղբայրական սերտ գործակցությամբ հիմքերը դրվեցին, որ նշվի Աթոռի փոխադրության 500-ամյակը: Խոսքերն ավելորդ են, երբ խոսում են փաստերը: Նրանց եղբայրական սերն ու ջերմությունն ամրապնդվեց իրենց երջանկահիշատակ նախորդների ջանքերով և նվիրվածությամբ: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն   Կիլիկիո Կաթողիկոսի ներկայությունն ու մասնակցությունը այս սրբազան արարողությանն ինքնին վկայությունն է մեր Տիրոջ մեր ժողովրդի հետ լինելու մնայուն խոստումի իրագործման: Մեր Եկեղեցին իր մեկ առաքելությամբ, իր վճռական ներկայությամբ ժողովրդի կյանքի մեջ իր պատրաստակամությունն է ցուցաբերում համաձայն Քրիստոսի խոստման` լինել ժողովրդի հետ»: Վերջում Սրբազան Հայրը հրավիրեց ներկա հոգևոր դասին և ուխտավորներին միասնաբար աղոթելու Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայոց Եկեղեցու պայծառության և արդյունավորման համար աշխարհի բոլոր մասերում, բոլոր հանգրվանների ու վիճակների մեջ:
     Այնուհետև նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա գահակալության համար: