Համաժողով Ծաղկաձորում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարևորելով կիրակնօրյա վարժարանների դերակատարությունը ծխական համայնքներում, տեղերում առկա խնդիրները վերհանելու և ծրագրային գործունեությունն առավել կանոնակարգելու նպատակով «Վորլդ Վիժն» միջազագային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ դեկտեմբերի 2-ից 3-ը` մասնակցությամբ կիրակնօրյա վարժարանների գործունեությունը համակարգող հոգևորականների, մանկավարժների և «Վորլդ Վիժն»-ի տարածքային զարգացման գրասենյակների ներկայացուցիչների համաժողով անցկացրեց Ծաղկաձորում:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի ՔԴԿ կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, ով իր խոսքում կարևորեց կիրակնօրյա դպրոցների առաքելությունը և անհրաժեշտությունը համայնքային կյանքում: Հայր Սուրբն անդրադարձավ երկօրյա աշխատանքային հանդիպումների նպատակներին և անելիքներին, որոնք պետք է օգնեն առաջիկայում սպասվող երկամյա ռազմավարության մշակմանը՝ նախանշելու տարվելիք աշխատանքների ուղղությունները:
Համաժողովի շրջանակներում իրականացված խմբային համակողմանի քննարկումների և համապատասխան զեկուցումների արդյունքում վեր հանվեցին կիրակնօրյա կրթօջախների առօրյա գործունեության ընթացքում հանդիպող կազմակերպչական, ծրագրային, բովանդակային, նյութատեխնիկական դժվարությունները և առաջարկվեցին լուծման հնարավոր ուղիներ: