Հաղորդագրություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը կմասնակցի «Արժեքներ, կրոն, ինքնություն» թեմայով Եվրոպական Եկեղեցիների հոգեւոր առաջնորդների խորհրդաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Բրյուսելում (Բելգիա):

Խորհրդաժողովը կազմակերպված է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի կողմից եւ կրում է «Հոգեւոր Առաջնորդների օր» խորագիրը:

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսին անդամ 123 Եկեղեցիների եւ եվրոպական 30 երկրների մոտ 60 ներկայացուցիչներ:

Ժողովականների կքննարկեն հարցեր Եվրոպայի կառուցման հարցում եկեղեցիների դերի, եվրոպական արժեքների, Եվրոպայի եւ Եվրոպական սահմանադրության ապագայի վերաբերյալ: Հավարտ խորհրդաժողովի մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որը կներկայացվի Եվրոպայի եկեղեցական եւ քաղաքական առաջնորդներին:

Խորհրդաժողովը համանախագահելու են Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Անաստասիոս Արքեպիսկոպոսը եւ Գերմանիայի Եկեղեցիների Միության նախագահ Վոլֆգանգ Հյուբերը:

Հայ Առաքելական Եկեղեցին անդրկովկասյան տածաշրջանի միակ Եկեղեցին է, որ անդամակցում է Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի եւ այս կազմակերպության «Եկեղեցի եւ Հասարակություն» Հանձնախումբի հետ, որը եվրոպական կառույցների հետ երկխոսության հարուստ փորձառություն ունի: