Հաղորդագրություն

Սույն թվականի հոկտեմբերի 14-16-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ սեմինար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հայ-դանիական առաքելություն» կազմակերպության միջեւ համագործակցության վերաբերյալ:

Սեմինարը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի խոսքով, ով, ողջունելով ներկաներին Վեհափառ Հայրապետի անունից, ներկայացրեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը: Այնուհետեւ հաջորդող երկու օրերի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ համագործակցության ուղիների եւ ոլորտների վերաբերյալ:

Հոկտեմբերի 15-ին հյուրերը Մայր Տաճարում ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ պատարագի արարողությանը, ապա այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարաններ` հաղորդ դառնալով Հայ Եկեղեցու պատմությանը:

Հոկտեմբեր 16-ին հյուրերին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ իր օրհնությունը բերեց սեմինարի մասնակիցներին:

Սեմինարի ավարտին պատրաստվեց մի համաձայնագիր եւ համագործակցության ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ «Հայ-դանիական առաքելություն» կազմակերպության միջեւ, որը կնքվեց հոկտեմբերի 17-ին: Համաձայնագիրը, որը ստորագրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ «Հայ-դանիական առաքելություն» կազմակերպության նախագահ Հոլգեր Հալդրուփը, աստվածաբանական կրթության, քրիստոնեական դաստիարակության եւ հասարակական ծառայության ոլորտներում համագործակցության մի ծրագիր է` ի շահ հայ եւ դանիացի ժողովուրդների:

Դանիացիների հետ երկխոսություններին մասնակցում էին Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը եւ դիվանապետի օգնական Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: