ՀՆԴԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսի բարձր տնօրինությամբ սույն թվականի ապրիլի 25-ից Կալկաթայի հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական Ճեմարանի նոր կառավարիչ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան` Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանը:

Ապրիլի 26-ին Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանն իր անդրանիկ պատարագը մատուցեց Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պատարագի ընթացքում Արժանապատիվ Տ. Կտրիճ քհն. Դեւեջյանը, որ ժամանել էր Կալկաթա, իբրեւ Ամենայն Հայոց Հայրապետի ներկայացուցիչ, Վեհափառ Հայրապետի անունից ողջունեց ներկաներին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը փոխանցեց նրանց, այնուհետեւ բարի գալուստ մաղթեց հոգեշնորհ հայր սուրբին եւ պատշաճ կերպով ներկայացրեց նրան հնդկահայոց համայնքի հավատացյալներին եւ Մարդասիրական Ճեմարանի սաներին, որպես նորանշանակ հոգեւոր հովիվ եւ կառավարիչ: Ինչպես նաեւ, Ամենայն Հայոց Հայրապետի անունից բարձր գնահատանք եւ շնորհակալություն հայտնեց հնդկահայոց նախկին հոգեւոր հովիվ եւ Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` Հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանին, հնգամյա ծառայության ընթացքում համայնքում եւ Մարդասիրական ճեմարանում կատարած իր արդյունավետ եւ բարեջան աշխատանքների ու բարեփոխումների համար:

Այնուհետեւ նորանշանակ հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց, հայտնեց իր սրտի ուրախությունն ու պատրաստակամությունը` համատեղ աշխատելու եւ գործակցելու ի փառս Աստուծո եւ ի բարօրություն ու պայծառություն հնդկահայոց համայնքի եւ Մարդասիրական ճեմարանի: