ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 16.09.2011
Հոգևոր առաջնորդության դրոշի օրհնություն

Սեպտեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և ուխտավորներ:
Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, մինչ արարողության սկսելը Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին` ուրախություն հայտնելով պատմական իրադարձության առիթով: ՙՄենք փառք են տալիս, որ դեռևս 1997 թ. ստեղծված բանակի հոգևոր սպասավորությունը տարիների ընթացքում ավելի զորացավ և բարձրացավ հոգևոր առաջնորդության հանգամանքի: Այսօր այլևս մեծ թվով հոգևոր սպասավորներ իրենց ծառայությունն են բերում հայոց բանակում այն գիտակցությամբ, որ բանակը զորեղ է և հաղթական, եթե իր հոգում կրում է Աստծուն և իր ընթացքն առաջնորդում է Աստծով: Ահա թե ինչու այսօր նաև հայոց բանակի դրոշի վրա մենք կարդում ենք հետևյալ արտահայտությունը` ՙՄեր ուղին օրհնյալ է, որովհետև Աստված մեզ հետ է՚: Այսպես դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդը, Աստծով կերտել իր բոլոր հաղթանակները, Աստծով հաղթահարել բոլոր փորձությունները՚, - նշեց Նորին Սրբությունը:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ներկաներին միասնական աղոթք բարձրացնել առ Աստված, որ Տերը զորեղ և անպարտելի պահի հայոց բանակը, անսասան` մեր հայրենի երկիրը, որպեսզի մեր ժողովուրդը, իր ընթացքը պահելով Տիրոջ ճանապարհների վրա, ապրի խաղաղության մեջ և հայոց անկախությունը լինի հավերժ ու հարատև:
Այնուհետև կատարվեց Դրոշի օրհնության կանոնը: Այս նույն կանոնով է օրհնվել նաև ի պաշտպանություն հայրենյաց մարտնչող հայ կամավորական ջոկատների դրոշը 19-րդ դարասկզբին:
Սաղմոսների, շարականների և աղոթքների ներքո Վեհափառ Հայրապետն օրհնեց նոր դրոշը, ապա հանձնեց հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:


Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը և ներկաները համբուրեցին սրբագործված դրոշը: Վերջում վերստին Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ամենքին և Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց հայոց բանակի հրամանատարներին և հոգևոր սպասավորներին` մաղթելով. ՙԹող այս դրոշը հպարտորեն ծածանվի, և իր օրհնության ներքո պահի հայոց բանակին և նրա քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Թող այս դրոշի ներքո զորանա նրանց ոգին, որպեսզի նրանք Աստծուն ապավինած շարունակեն իրենց ազգանվեր, հայրենասեր ծառայությունը Հայրենիքի և հայոց կյանքի պաշտպանության, որպեսզի մեր երկիրը մշտապես բարգավաճի ու զորանա՚:
Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` ՙՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն՚ գրությամբ: Մյուս երեսին Զինված ուժերի զինանշանն է` ՙՕրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է՚ գրությամբ: