ՀԵՐՔՈՒՄ
«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում «Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից» հոդվածում տեղ գտած մտահոգություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2009թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները եւ աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրություն, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:
Այդ թվականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարվում, որպեսզի միօրինակության բերվեն թեմական եւ ծխական կանոնադրությունների հիմնական սկզբունքները: Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային եւս վերատեսության է ենթարկվելու թեմական կանոնադրությունը, որպեսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական հոդվածները փոխարինվեն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած` Եկեղեցու ավանդությանն ու կանոններին համահունչ հոդվածներով:
Հերյուրանք է նաեւ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է. «ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին եւ ինքը տնօրինել դրանք»: Վերոհիշյալ թեմական տիպային կանոնադրության համաձայն, որը հաստատված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական եւ ծխական կալվածքները համարվում են համայնքի սեփականություն:
Վստահ ենք, որ Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդի եւ պատկան կառույցների աշխատանքի արդյունքում կփարատվեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թյուրըմբռնումներն ու մտահոգությունները: