ՀԵՀԵԿ-ի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գումարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո գործող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական կազմակերպության /ՀԵՀԵԿ/ Հայաստանի տարածաշրջանային պատգամավորական ժողովը:
Ժողովին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչները եւ ատենապետերը: Ժողովը գլխավորում էր ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵԿ ղեկավար Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ներկա էին նաեւ ՀԵՀԵԿ ատենապետ Կարեն Պետրոսյանն ու ՀԵՀԵԿ հոգեւոր պատասխանատու Տ. Սեդրակ քահանա Ազնավուրյանը:
Ժողովը բացվեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աղոթքով: Սրբազանը Հայրը ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու բարեմաղթանքի խոսքերը: Այնուհետեւ յուրաքանչյուր թեմի ներկայացուցիչ զեկուցեց կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ խոսեց կատարելիք ծրագրերի մասին: Հընթացս ժողովի քննարկվեցին մի շարք կարեւոր հարցեր. մասնավորաբար` որոշվեց հաջորդ պատգամավորական ժողովը գումարել 2011 թ. հուլիսի 8-10-ը: Նաեւ որոշվեց, որ ամեն ամիս Հայաստանի տարբեր թեմերում պետք է տեղի ունենա ՀԵՀԵԿ Հայաստանի տարածաշրջանային ժողով, որին մասնակցելու են եկեղեցասեր երիտասարդաց միությունների ատենապետերը` միջթեմական համագործակցությունն զարգացնելու եւ աշխուժացնելու նպատակով:
Քննարկվեցին նաեւ ՀԵՀԵԿ Կանոնադրությանը վերաբերող հարցեր: Գանձասարի վանքի 770-ամյակի առիթով որոշվեց այս տարի կազմակերպել ուխտագնացություն դեպի Գանձասար, որն էլ մի գեղեցիկ առիթ կհանդիսանա ժողով գումարելու Գանձասարում: Ժողովի ավարտին մասնակիցներին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Հովնան Սրբազանը: