ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ

Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգևեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, և քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:
Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո և վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգևոր նորոգություն և մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին: Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և անմեղ զոհերի սրբադասմանը` հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգևոր կյանքի նորոգության և հայ ինքնության պահպանության:
Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին աղոթքով միանալու 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին` հայցելով նաև Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը` վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաև Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը և վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրավունքները:
Աղոթում ենք առ Աստված մեր նորօրյա նահատակների` Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրավունքների և պահանջատիրության իրականացման ճանապարհին կարևոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:
Եպիսկոպոսաց ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում` մասնավորաբար Միջին Արևելքում` Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների: Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին` այդ թվում և մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի և աշխարհում համընդհանուր ու տևական խաղաղության հաստատման համար:
«Քրիստոս է մեր Աստուած, և մեք յուսամք ի նա» վստահությամբ ու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև պարտքի գիտակցումով` եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նվիրական առաքելությունը՝ հանուն Հայ Եկեղեցու պայծառության, ազգային միասնականության, մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
Թող Ամենազորն Աստված պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին և Ազգին Հայոց այսօր և հավիտյանս,

Ամեն: