ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հոկտեմբերի 7-9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվությունը, ընդառաջ Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանին, Սուրբ Էջմիածնում կազմակերպել են գիտաժողով` նվիրված Ամստերդամի «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) եւ գործունեությանը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 1100-ին, Հին ճեմարանի դահլիճում:

Գիտաժողովին մասնակցում են եւ զեկուցումով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտաշխատողներ:

Գիտաժողովի առիթով հոկտեմբերի 9-ին, ժամը 1030-ին, Մաշտոցյան Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի եւ այնտեղ գրված հայերեն ձեռագրերի ցուցահանդես` «Սուրբ Էջմիածնի լույսն Ամստերդամի հայոց տպարանից» խորագրով:

Նույն օրը գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն հայ տպագրիչների հոգիների հանգստության համար: Երեկոյան, Կամերային ազգային երաժշտության տանը, մասնակցությամբ Հայաստանի կամերային նվագախմբի, տեղի կունենա դասական երաժշտության համերգ: