ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին եւ աշակերտներին:
Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով եւ շնորհավորում մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:
Սիրելիներ, ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգեւոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից:
Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել եւս կարեւորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի եւ հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի եւ զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր Հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, եւ Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի եւ օրհնի ձեր կյանքի ուղին:
Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, եւ ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում»: