Կրթության մշակների օրհնություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ:
Գիտելիքի և դպրության օրվա առիթով արդեն երրորդ տարին Մայր Աթոռում կազմակերպվող այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացուցիչներ Աժ կրթության մշտական հանձնախմբից, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների պատասխանատուներ:
Արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ուրախություն հայտնելով հայրապետանիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին կրթության և գիտության մշակների այցի առիթով` Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ մանկավարժների կարևոր դերակատարությանը առողջ հասարակություն ձևավորելու գործում: «Ուսուցիչը, դասախոսը ճարտարապետներն են մեր վաղվա օրվա, քանդակագործները մեր հոգևոր և մտավոր կերտվածքի: Մեր Մայր Եկեղեցու ծոցում ծնված հայոց դպրությունը իր գոյության ողջ ընթացքում լուսավորում, կառուցում, ուղեգծում է լուսավոր և պայծառ գալիքը մեր ժողովրդի: Այդ պատճառով է, որ Վեհափառ Հայրապետը հաճախ հորդորում է գիտելիքներով հարստացնել մեր զավակներին, կրթել նրանց ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով` ազնվությամբ, արդարությամբ, մարդասիրությամբ, հայրենասիրությամբ և ամենայն առաքինությամբ, առանց որի ոչ մի հասարակություն, ընտանիք ու մարդկային հարաբերություններ չեն կարող կայուն հիմքերի վրա մնալ», - նշեց Անուշավան Սրբազանը` հորդորելով ուխտ անել հավատարիմ մնալու մեր ազգային-հոգևոր արժեքներին, հարազատ` հայոց ինքնությանը և լինելու արժանավոր հետևորդները հայոց թարգմանիչների և կերտողը հայոց նոր «Ոսկե դարի»:
Օրհնության կարգն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և օրհնության խոսքով: Նորին Սրբությունը փառք և գոհություն հայտնեց Բարձրյալին ուսումնական տարին աղոթքով և օրհնությամբ սկսելու ձևավորված գեղեցիկ ավանդության համար` վստահություն հայտնելով, որ հայ ինքնության հիմնադիր Ս. Սահակ և Ս. Մեսրոպ թարգամանիչ վարդապետների և եռամեծար հայրերի առջև կատարված ուխտն ու Ս. Էջմիածնի օրհնությունը կրթության և գիտության գործիչներին նոր լիցք կհաղորդեն նախանձախնդիր կերպով լծվելու հայորդիների երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության սրբազան գործին` այդպիսով զորացնելով նաև հայոց երկիրը:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու մաղթանքները հղեց կրթության ոլորտի սպասավորներին: