Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ եկեղեցու հողի օրհնության կարգ
Ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Քաղաքային Պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցին կառուցվելու է ազգային բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, իսկ նախագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Արարողությանը մասնակցում էին եկեղեցու բարերարը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը և այլ պետական գործիչներ:
Արարողության ընթացքում` շարականների երգեցողությունից, սուրբգրային ընթերցումներից և աղոթքներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահը և եկեղեցու բարերարը, բահով խորհրդանշորեն վերցնելով առաջին հողը, ազդարարեցին տաճարի կառուցման սկիզբը:
Հողի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին:
«Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման նախօրեին պարգևեց Մեզ շնորհը՝ կատարելու հողօրհնեքի արարողությունը Երևանի Պանթեոնում նախատեսված եկեղեցու: Խորհրդանշական է, որ եկեղեցու կառուցումը սկիզբ է առնում մեր ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հիշատակում ենք 100-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանության:
Ցեղասպանության աղետից հետո մեր ժողովուրդը աշխարհի բոլոր կողմերում նախ և առաջ իր եկեղեցին կառուցեց, որպեսզի լույս ունենա առաջնորդության, իր կյանքն ապրի առ Աստված աղոթքով և Աստծո օրհնության ներքո, որպեսզի իր որդիները լինեն հարազատ զավակները մեր Եկեղեցու, հարազատ զավակները մեր ժողովրդի՝ հավատարիմ հայրենյաց ավանդներին, հիշատակներին ու սրբություններին:
…Աստծո շնորհով այսօր մեծ մխիթարություն է մեր բոլորի սրտերին, որ նորակառույց եկեղեցին վեր է հառնելու նույն տեղում, որտեղ կանգնած է եղել խորհրդային բռնությունների շրջանում հիմնովին քանդված եկեղեցին: Եկեղեցու օրհնյալ կամարների ներքո մեր ժողովրդի զավակները իրենց հայցն ու աղերսն են վերառաքելու առ Աստված և Պանթեոնում նվիրական այս աղոթավայրը նաև վկայություն է լինելու մեր ժողովրդի հոգևոր-մշակութային միության և ամբողջականության: Այստեղ մենք խոնարհվում ենք մեր ժողովրդի մեծանուն զավակների շիրիմներին, հպարտանում նրանց թողած ժառանգությամբ, հայրենիքին ծառայությամբ, մեր մշակույթին բերած ավանդով: Այսուհետ նրանք պիտի հանգչեն եկեղեցու օրհնության, հավատացյալ Մեր զավակների աղոթքների հովանու ներքո», - ասաց Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը` բարձր գնահատելով նրա կողմից Հայ Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող մշատական զորակցությունը:
Հայոց Հովվապետը իր օրհնությունը բերեց նաև Հայրենիքի առաջընթացի և Հայ Եկեղեցու շենացման գործում մեծ ավանդ ունեցող բարերար Սամվել Կարապետյանին:
Խոսքի ավարտին բարի ընթացք մաղթելով եկեղեցու կառուցման աշխատանքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Ամենակալ Տերն օրհնյալ և անսասան պահի հայրենի երկիրը և բարօր ու անխռով` հայոց ազգի աշխարհասփյուռ զավակներին: