«Կլոր Սեղան» հիմնադրամի տարեկան ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո գործող` Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան «Կլոր Սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի 2009 թ. տարեկան հաշվետու ժողովը: Ժողովը նախագահում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը:
Ժողովին «Հայաստանը եւ տարածաշրջանը. հնարավոր սցենարներ» բանախոսությամբ հանդես եկավ Ազգային եւ միջազգային ուսումնասիրությունների հայաստանյան կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Զեկուցմանը հաջորդեց Կլոր Սեղանի 2008-2009թթ.. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը համայնքային համապարփակ զարգացման, կարողությունների զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ:
Տեղի ունեցավ նաեւ կատարված աշխատանքի արժեւորում: Մասնակիցները անդրադարձան հիմնադրամի տարբեր ծրագրերին` քննարկելով Կլոր Սեղանի հետագա գործունեության ռազմավարությունը, հիմնադրամի ծրագրերի աշխարհագրական ընդգրկումը եւ առաջադրելով նոր ուղղություններ հիմնադրամի սոցիալական սպասավորության եւ եկեղեցական ու հասարակական այլ կառույցների հետ համագործակցության ընդլայնման համար:
Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հիմնադրամի նոր նախագահ նշանակված Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ տիար Կարեն Նազարյանի ամփոփիչ խոսքերով:
Տարեկան ժողովին ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, հիմնադրամի հայաստանյան գործընկերները` Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդներ ու ծխական քահանաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ եւ հյուրեր: