«Կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերները» թեմայով համագումար Միլանում
Սեպտեմբերի 24-ից 28-ը Միլան քաղաքում տեղի ունեցավ Համաեվրոպական Քրիստոնեական բնապահպանական ցանցի 7-րդ համագումարը` «Կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում էին ավելի քան 100 պատվիրակներ Եվրոպական 27 երկրներից:
Ժողովականներն անդրադարձան անցյալ տարի սեպտեմբերին Ռումինիայի Սիբիու քաղաքում տեղի ունեցած Համաեվրոպական երրորդ էկումենիկ համագումարի ընթացքում բնապահպանական խնդիրների առնչությամբ կատարված առաջարկներին, որոնցով կոչ էր ուղղվում Եկեղեցիներին առանձին օրեր սահմանել որպես «Արարչագործության օր» եւ այդ օրերին անդրադառնալ բնապահպանական խնդիրներին:
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց աշխարհում կլիմայի փոփոխության խնդրին եւ այս առնչությամբ Եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերներին: Խնդրի շուրջ լսվեցին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների տեսակետեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ժողովին մասնակցում էր Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը, որը ժողովականներին ներկայացրեց Վազգենյան դպրանոցում իրականացվող «Կանաչ Աստվածաբանություն» ծրագիրը: