Կիրակնօրյա վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռում
Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ կիրակնօրյա վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով` կազմակերպված Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից, համագործակցությամբ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի:
Ժողովին մասնակցեցին հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր թեմերից: Ժողովականները` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի, քննարկեցին կիրակնօրյա վարժարանների գործունեության կանոնակարգի նախագիծը, որը պետք է նպաստի թեմերի ենթակայության ներքո գործող շուրջ 60 կիրակնօրյա վարժարանների առավել կանոնակարգված գործունեությանը:
Կիրակնօրյա վարժարանների միասնական կրթական ծրագրի եւ գործունեության կանոնակարգի նախագիծը կքննարկվի նաեւ թեմերում եւ լրամշակվելուց հետո կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի հաստատմանը: