Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց Ծաղկաձորում
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության եւ Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարեւորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական եւ առավել ընդգրկուն կլինի:
Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի եւ եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգեւորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից: Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական եւ Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրեցին օրինակելի դասեր, որոնց հետեւեցին մեթոդական քննարկումներ:
Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին: