Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով Ծաղկաձորում

 Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով Ծաղկաձորում 10.07.2014
Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով Ծաղկաձորում

 

     Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների միջթեմական համաժողով, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 130 մանկավարժներ:
Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը օրհնության խոսքով հանդես եկավ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով կարևորեց կիրակնօրյա կրթօջախների գործունեության անհրաժեշտությունը եկեղեցական կյանքում: Ողջույնի խոսքով հանդես եկան ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, «Վորլդ Վիժնի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր տիկին Կարինե Պողոսյանը: ՀՀ Կրթության և գիտության նախարարի ողջույնը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանը:
     Համաժողովի առաջին օրը «Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պարոն Ռոման Հարությունյանը, իսկ նախընթաց տարվա ՔԴԿ գործունեությունը կիրակնօրյաների ոլորտում ներկայացրեց ՔԴԿ ոլորտի պատասխանատու Անի Հունանյանը:
     Ծրագրով նախատեսված ամենօրյա Աստվածաշնչի սերտողությունը իրականացրեցին համաժողովի մասնակից քահանա հայրերը, հրավիրյալ բանախոսները ներկայացրին սուրբգրային թեմաներին, Հայ Եկեղեցու վարդապետությանն ու ավանդույթին նվիրված բանախոսություններ, ինչպես նաև տեղի ունեցան մեթոդական ուսուցումներ խմբային աշխատանքների միջոցով: Համաժողովը նշանավորվեց Կիրակնօրյա ուսումնական ծրագրի և դասագրքերի շրջանակում պատրաստված մեթոդական ձեռնարկի ներկայացմամբ և քննարկմամբ:
     Մանկավարժները Կեչառիսի վանական համալիրում մասնակցեցին ժամասացությունների, ինչպես նաև թարգմանչաց տոնի առիթով իրենց իսկ ուժերով կազմակերպված միջոցառմանը:
      Դասընթացի հանդիսավոր փակմանը համաժողովի բոլոր մասնակիցներն իրենց երախտիքը հայտնեցին Վեհափառ Հայրապետին սույն օգտակար ծրագրի իրականացման համար: