Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար Ծաղկաձորում

Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար Ծաղկաձորում 02.07.2013
Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար Ծաղկաձորում

     Հունիսի 23-29-ը Ծաղկաձորի Գրողների տանը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը, World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար` վերապատրաստման ձևաչափով: Համագումարին մասնակցում էին հայաստանյան բոլոր թեմերից շուրջ 170 ուսուցիչներ: Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, ապա խոսք ասեցին նաև World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կառավարության ու եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիկոպոս Քարամյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԿԳՆ ԿԱԻ փոխտնօրեններ Անահիտ Բախշյանն ու Վարդան Ղանդիլյանը:
     Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Աստվածաշնչի ամենօրյա սերտողություններ, եկեղեցու պատմության, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանության, ծիսական համակարգի, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:                                          Ծրագրի շրջանակներում առաջին անգամ ուխտագնացություն  կազմակերպվեց  դեպի Հրազդանի Ս. Աստվածածին եկեղեցի (Մաքրավանք), ինչպես նաև տեղի ունեցան խմբային աշխատանքներ և քննարկումներ մեթոդաբանության վերաբերյալ:
      Համագումարի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ  ԱՀԹ «Արարատ» հոգևոր միությունը: Այնուհետև Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բոլոր մասնակիցները ներկա եղան երեկոյան ժամերգությանն ու քարոզին:
      Դասընթացի ավարտին ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի արևշատության ու երկարամյա գահակալության համար: