Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասին:
Համայն հայության հոգևոր կենտրոնում կարդինալ Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները` Հովակիմ Սրբազանը զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և սերտ գործակցությանը: Իր հերթին կարդինալ Ռավասին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները:
Այնուհետև կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելեց Մայր Տաճար, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ Իջման Սուրբ Սեղանի առաջ աղոթք կատարվեց երկու Քույր Եկեղեցիների պայծառության համար: Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահն եղավ նաև Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում: