Կատարվեց նոր խաղահրապարակի բացում
Հունիսի 11-ին, կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարեւանությամբ գտնվող մանկական խաղահրապարակի նոր հատվածի բացման արարողությունը: Դեռեւս 2003 թ. «Գուլամերյան» հիմնադրամի հովանավորությամբ կառուցված խաղահրապարակի նոր հատվածի եւ նոր սարքավորումների բարերարներն են սիրիաբնակ տեր եւ տիկին Գաբրիել Ջամբարջիները, ովքեր ազգային կյանքում տարբեր ծրագրերի հետ մեկտեղ իրենց նվիրյալ եւ ազնիվ ոգով նաեւ աջակցություն են բերում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող Հայորդյաց տների առաքելությանը եւ տարբեր կրթական ծրագրերին:
Խաղահրապարակի կարմիր ժապավենը կտրեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սուրեն Նալջյանը: Ապա հանդիսապետությամբ Արշակ Սրբազանի կատարվեց խաղահրապարակի օրհնության արարողությունը, որից հետո ներկաներին դիմեց հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` անդրադառնալով մանուկների ժամանցն ու հանգիստը բարվոք կազմակերպելու գործում Մայր Աթոռի կարեւոր այս նախաձեռնությանը:
Այնուհետեւ ներկաներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռի դիվանապետը: Իր ուրախությունը հայտնելով նոր խաղահրապարակի բացման առիթով` Արշակ Սրբազանը հանուն Նորին Սրբության մասնավոր գնահատանք հայտնեց Էջմիածնի ներկայիս եւ նախկին քաղաքապետերին` ծրագրին ըստ ամենայնի աջակցելու համար, ինչպես նաեւ խաղահրապարակի բարերարներին իրենց ազգօգուտ եւ եկեղեցաշեն ծառայությունների եւ այս ուրախալի ձեռնարկի համար:
Վերջում այգում ազգային պարի կատարումներով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները: