Կատարվեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի հուղարկավորության արարողությունը

Կատարվեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի հուղարկավորության արարողությունը

 

     Նոյեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից մեկի` Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի հուղարկավորության արարողությունը:
      Վաղ առավոտյան Ս. Գայանե վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան արարողության ընթացքում հանգուցյալ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի աճյունը դրվեց Ս. Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Արսեն Սրբազանի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև` Ողջույնի ժամանակ, Մայր Աթոռի միաբանները մոտեցան և Արսեն Սրբազանից ստացան վերջին ողջույնը:
     Դամբանական խոսք ասաց պատարագիչ Հովակիմ Սրբազանը, ով անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը` նշելով, որ Սրբազան Հայրը տասնամյակներ շարունակ անձնուրաց կերպով ծառայեց Հայ Եկեղեցուն` իր նկատելի ներդրումն ունենալով մասնավորաբար հայ եկեղեցական երաժշտության բնագավառում, ինչպես նաև` հովվական ու հասարակական մի շարք այլ ոլորտներում: Ապա Հովակիմ Սրբազանն իր խոսքում ավելացրեց, որ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը, աստվածային նախախնամության առաջնորդությամբ ծառայելով Հայ Եկեղեցու ամենից ծանր` խորհրդային կարգերի ժամանակ, կարողացավ իր անկոտրում հավատքի շնորհիվ լավ օրինակ հանդիսանալ բազում հոգևորականների համար: Խոսքի վերջում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Սրբազան Հոր վախճանի կապակցությամբ Հայ Եկեղեցու հոգևորականաց դասի և բարեպաշտ հավատացյալների անունից իր ցավակցությունը հայտնեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետին և երջանկահիշատակ Արսեն Սրբազանի հարազատներին:
     Իսկ Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:
Հուղարկավորությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տարբեր թեմերի հոգևոր սպասավորներ, հավատացյալներ, ինչպես նաև Սրբազան Հոր մտերիմները և հարազատները: