Կատարվեց Ս. Աննա եկեղեցու եւ կաթողիկոսական երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը
Հուլիսի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Տիար Սերժ Սարգսյանի կատարվեց Երեւանի Ս. Կաթողիկե եկեղեցուն հարակից Ս. Աննա եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը: Եկեղեցին եւ կաթողիկոսական նոր նստավայրը կառուցվում են Հայ Առաքելական Եկեղեցու ազգային բարերար տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների մեկենասությամբ եւ ճարտարապետ Հրաչ Պողոսյանի նախագծով:
Նորին Սրբությունը շարականների երգեցողության եւ աղոթքների ներքո կատարեց հողօրհնեքը:
«Մի քանի տարիներից Մենք ուրախությունը պիտի ունենանք կատարելու օծումը Ս. Աննա եկեղեցու, որտեղ Մեր զավակունք պիտի գան իրենց հայցն ու աղոթքն առ Աստված բարձրացնելու` հանուն մեր Հայրենիքի անսասանության, հանուն մեր ժողովրդի օրհնյալ եւ բարօր կյանքի: ... Ս. Աննա եկեղեցու կառուցմամբ վերանորոգյալ եւ բարեզարդ վիճակում պիտի տեսնենք Ս. Կաթողիկե եկեղեցին, որին հասցված վերքերը մեր ժողովրդի հոգու վրա բացված վերքերն են: Մենք հավատում ենք, որ այդ վերքերի ամոքումով մեր ազգային կյանքը պիտի լինի առավել լուսավոր, պայծառ ու աստվածահաճո: Մենք պիտի ապրենք մշտապես փառք, գոհություն եւ օրհնություն Երկնավորին մատուցելով, ով սերն է առատացնում մեր մեջ, օրհնությունն ու բարօրությունը Մեր ազգի»,- սրբազան արարողությունից հետո ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնության խոսքն ուղղելով ներկաներին:
Նորին Սրբությունը նշեց, որ խորհրդային անաստվածության տարիներին Ս. Կաթողիկե եկեղեցին մայրաքաղաքի մյուս եկեղեցիների նման կիսեց քանդվելու եւ փլուզվելու դառն ճակատագիրը, բայց Տիրոջ ողորմությամբ պահպանված նրա մի հատվածը երկար տարիներ արդեն ծառայում է հայ հավատացյալներին. այստեղ շարունակում է հնչել հայ քրիստոնյայի աղոթքը, կատարվում են եկեղեցական արարողություններ:
Հայոց Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում աջակցությամբ իրականություն դարձավ Սբ. Կաթողիկե միջնադարյան եկեղեցու կողքին եկեղեցական նոր համալիրի կառուցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ներկայությունն արդեն իսկ վկայում է Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ ՀՀ նախագահի ուշադրության եւ նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նաեւ արարողությանը ներկա տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյաններին, ովքեր մեծ նվիրումով իրենց օգտակարությունն են բերում Հայոց Եկեղեցուն եւ մեր նորանկախ պետությանը:
Հողօրհնեքի արարողությանը ներկա էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, ազգային բարերար Վահագն Հովնանյանը, բազմաթիվ հավատացյալներ: