Կատարվեց Մայր Աթոռի Սբ Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը
Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հարևանությամբ կառուցված Սբ Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը:
Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թվականի սեպտեմբերի 10-ին: Եկեղեցու բարերարն է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, եկեղեցու ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Շինարարությունն իրականացնում է ՙՀորիզոն 95՚ ՍՊԸ-ն:
Եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդեց դեպի նորակառույց եկեղեցի, ուր եկեղեցու առջև դրված խաչերի մոտ սկսվեց օծման արարողությունը: Սաղմոսների ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացին եկեղեցու խաչերը, ապա սուրբգրային ընթերցումներից և աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու գմբեթի խաչը: Մնացյալ չորս խաչերն օծեցին ՙՍբ. Ներսես Մեծ՚ հիվանդանոցի հոգևոր տեսուչ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Այնուհետև ՙԽաչի քո Քրիստոս՚ շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի Լուսարարպետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը կատարեց խնկարկություն, ապա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները և հավատացյալ ժողովուրդը մոտեցան և երկրպագելով համբուրեցին նորաօծ խաչերը:
Արարողության ավարտին ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով արարողության առիթով` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. ՙԱհա այն գեղեցիկ պահն է, երբ խաչերի օրնհությունից հետո հավատավոր զավակները կարող են մոտենալ և երկրպագել օծյալ այս խաչերին` հաղորդակից դառնալով այն առատ օրհնության, որ ճառագում է խաչերից դեպի ձեզ՚: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ այդ օրհնությամբ լուսավորվեն հավատացյալների հոգիները, և այն տարածվի նրանց կյանքից ներս, որպեսզի փառաբանության, աստվածսիրության և հայրենասիրության գեղեցիկ զգացումները միշտ ապրեն նրանց հոգիներում և սրտերում:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցու բարերարին ու ճարտարապետին: