Կատարվեց Երեւանի Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը
Ապրիլի 30-ին մայրաքաղաք Երեւանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ կառուցվող Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Ս. Աննա եկեղեցին եւ Ամենայն Հայոց Հայրապետի երեւանյան նստավայրը կառուցվում են բարերարությամբ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների:
Արարողությանը ներկա էին նաեւ Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ բազում հյուրեր:
Հիմնարկեքի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ սրբալույս մյուռոնով օծեց 16 խաչանիշ քարեր: Օծված քարերը եկեղեցու 16 կնքահայրերըª Հրայր Հովնանյանը, Վահագն Հովնանյանը, Ռադիկ Վանունցը, Մարտին Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը, Վահագն Մովսիսյանը, Աշոտ Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Արայիկ Յաղջյանը, Գեւորգ Յաղջյանը, Արսեն Վարդանյանը, Ավո Խալաթյանը, Վահե Շխռդմյանը, Գարիկ Չիլինգարյանը, Հայկ Շատվերյանը եւ Էդվարդ Բալասանյանը զետեղեցին եկեղեցու հիմքերում:
Այնուհետեւ Արշակ Սրբազանն ընթերցեց հիմնարկեքի առիթով կազմված հիշատակարանը: ՙԲարեհաճ կամոքն Աստուծո 2011 թվականի ապրիլ 30-ին կատարվեց հիմնօրհնեքը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրի, որ կառուցվում են ազգային բարերարներ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյան ամոլի ազնիվ հովանավորությամբ` ի փառս Աստծու, ի պայծառություն մեր Եկեղեցու եւ ի բարեզարդումն մեր ժողովրդի հոգեւոր կյանքի:
Նորակառույց եկեղեցին օրհնություն պիտի բաշխի նվիրական մեր հողին` ծառայելով աստվածասեր մեր ժողովրդի հոգեւոր կյանքի վերազարթոնքին եւ նորոգ պայծառությանը: Թող Սուրբ Աննան հավետ բարեխոս լինի առ Բարձրյալն Աստված` վասն Հայրենյաց եւ ազգիս հայոց եւ Եկեղեցւույս Հայաստանյայց:
Թող Ամենախնամ Աստված առատապես օրհնի երախտարժան բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյաններին եւ նրանց զավակներին` շնորհելով կենաց արեւշատություն, ազգանվեր եւ եկեղեցաշեն գործոց նորանոր հաջողություններ՚,- մասնավորաբար ասվում է արձանագրության մեջ: Ապա Նորին Սրբությունը հրավիրեց բարերար Հրայր Հովնանյանին հիշատակարանն ամփոփելու եկեղեցու հիմքերում:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին£ Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՉիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն՚ ՍՊԸ-ն: