Կատարվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նոր մասնաշենքի հիմնարկեքը

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հուլիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքի հիմնարկեքը: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները եւ շինության բարերարներ Պետրոս եւ Աննա Օրունջանկչիելների զավակ Սայաթ Օրունջանկչիելը:

Արարողության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց կառուցվող շինության հիմքերը, որ ծառայելու է իբրեւ հանդիսությունների դահլիճ եւ մարզասրահ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաների համար: Ապա ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընթերցեց կառույցի շինարարության հիշատակարանը, որը զետեղվեց շինության հիմքի մեջ:

Վերջում իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ճեմարանական կյանքի բարելավումը նոր խթան պիտի դառնա, որպեսզի ճեմարանի սաները էլ ավելի եռանդով ու նվիրումով շարունակեն ուսումը իբրեւ ապագա եկեղեցականներ: Նոր մասնաշենքի կառուցման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը հղեց մասնաշենքի բարերարներին` ամերիկաբնակ Պետրոս եւ Աննա Օրունջակչիել ամուսիններին` մաղթելով նրանց ուժ, եռանդ ու հաջողություն, որպեսզի կարողանան իրենց ազգաշեն եւ եկեղեցանվեր ծառայությունը շարունակել ինչպես ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմում, այնպես էլ Հայրենիքում:

Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց նաեւ կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին եւ եւ շինարարին` ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: