Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգիստ Մարդասիրական ճեմարանի բարերարների հոգու հանգստության համար
Նոյեմբերի 12-ին, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մարդասիրական ճեմարանի հիմնադրման 185-ամյակի եւ Ս. Գր. Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրման 100-ամյակի առիթով Անգլիայից ժամանած նախկին ճեմարանական, Բրիտանական Գրադարանի Քրիստոնյա Արեւելք բաժանմունքի ղեկավար Տ. Ներսես ավ. քհն. Ներսեսյանը: Սրբազան արարողության ընթացքում պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Նա մասնավորապես ընդգծեց, որ շատ կարեւոր է մարդկային հիշողությունը, ուստի մենք պարտավոր ենք միշտ երախտագիտությամբ հիշելու այն մարդկանց, ովքեր հիմնադրեցին Մարդասիրական ճեմարանը հայրենիքից այդքան հեռու` մեր գործերով եւ ուսումնատենչությամբ պատիվ բերելով 185-ամյա կրթական հաստատությանը:
Ս. Պատարագից հետո Մարդասիրական ճեմարանի հիմնադիր բարերար Աստվածատուր Մուրադխանյանի գերեզմանին կատարվեց հոգեհանգիստ` ճեմարանի բարերարների հոգու հանգստության համար: Արարողությունից հետո ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանն անդրադարձավ Մարդասիրական ճեմարանի հիմնադրման պատմությանը` մեկ անգամ եւս հատկապես ճենարանականներին հորդորելով իրենց կյանքում միշտ մտապահել ճեմարանի հիմնադիր Ջուղայեցի վաճառական Աստվածատուր Մուրադխանյանի եւ մյուս բարերարների հիշատակը, որոնք երբեք չմոռացան օտար հողում հայ պատանիների հայեցի կրթության եւ Հայոց Եկեղեցուն յուրովսանն աջակցելու մասին:
Այնուհետեւ իր սրտի խոսքն ասաց նաեւ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Աշոտ Քոչարյանը: Նա շնորհավորեց ներկաներին զույգ հոբելյանների կապակցությամբ` անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` այդ գործում մասնավորապես ընդգծելով կալկաթահայության, Մարդասիրական ճեմարանի եւ Հայոց Եկեղեցու մեծ դերակատարությունները:
երկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ եկեղեցում բակում թաղված Դավթյան Աղջիկների դպրոցի բարերար Դավիթ Դավթյանին եւ ճեմարանում դասավանդած ուսուցիչներին` Աստծուց վերջիններիս հոգիների համար հանգստություն հայցելով: