Կալկաթայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օծվեց Սայդաբադի Ս. Մարիամ եկեղեցու նորակառույց զանգակատան խաչը
Նոյեմբերի 30-ը հիշարժան օր էր հնդկահայ գաղութում, քանզի Կալկաթայի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցու նորակառույց զանգակատան խաչի օրհնության եւ օծման կարգը:
Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցին կառուցվել է 1758թ. ժամանակի Կալկաթայի հայ համայնքի ղեկավար, Ջուղայեցի նշանավոր վաճառական, բարեգործ Խոջա Պետրոսի անձնական միջոցներուվ` ի հիշատակ իր հանգուցյալ ծնողների: Հայ չլինելու պատճառով վերջին կես դարում եկեղեցին զգալիորեն տուժել էր երկրաշարժերի, հրդեհների եւ ջրհեղեղների պատճառով: Սակայն անցնող տարում Կալկաթայի նորընտիր եկեղեցական խորհրդի նախաձեռնությամբ ամբողջովին վերանորոգվել է եկեղեցին, կառուցվել նոր զանգակատուն եւ հյուրատուն, բարեկարգվել է եկեղեցու մեծ տարածքը եւ հայոց համայնքին են վերադարձվել նախկինում ապօրինաբար զավթված տարածքները: Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է պաշտոնապես կատարել վերանորոգված եկեղեցու վերաբացման արարողությունը:
Սաղմոսների երգեցողության ներքո եկեղեցական վարչության ատենապետ Տիար Հայկ Սուքիասը եւ նույն վարչության անդամ Տիար Արշամ Սուքիասը ջրով եւ գինով լվացին Ս. Խաչը: Այնուհետեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը Սրբալույս Մյուռոնով օծեց այն: Սրբազան արարողությունից հետո Հայր Սուրբն իր խոսքում շնորհավորեց ներկաներին, անդրադարձավ արարողության իմաստին ու նշանակությանը եւ իր գնահատանքը հայտնեց եկեղեցական վարչության անդամներին մեր սրբությունների նկատմամբ ունեցած նախանձախնդրության համար: Նա նաեւ հայցեց Տիրոջ ամենահաղթ Ս. Խաչի պահպանությունը հնդկահայ գաղութի սակավաթիվ հայերի համար:
Արարողությանը ներկա էին եկեղեցական վարչության անդամները, հնդկահայեր եւ ԱՄՆ-ից այս առիթով ժամանած, Սայդաբադի հայկական եկեղեցու վերջին խնամակալներ Մատթեոս եւ Մերի Կարապետյանների թոռնուհին` Տիկին Հեղինե Քրեյը: