Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 19.05.2016
Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


     Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից Հայաստան ժամանած Տրիերի կաթոլիկ թեմի ուխտավորներին:
     Հանդիպման սկզբում ուխտավորների անունից Ամենայն Հայոց Հայրապետին շնորհակալական խոսքով դիմեց Տրիերի թեմի առաջնորդի օգնական, աստվածաբան Կատարինա Զեյ-Վորթմաննը` անդրադառնալով Հայաստանի սրբավայրերից և պատմամշակութային հուշարձաններից ստացած խմբի տպավորություններին: Վերջինս ընթերցեց նաև Տրիերի եպիսկոպոս Քրիշտոֆ Շտեֆան Ակկերմանի` Գարեգին Բ Վեհափառին ուղղված ողջույնի խոսքը:
Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունեց Քույր Եկեղեցու ուխտավորների այցը Հայաստան և մեծապես կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի քրիստոնեական հարուստ ժառանգություն ունեցող երկրներ:
     Վեհափառ Հայրապետը այս այցը հատկանշական նկատեց հունիս ամսին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանման նախօրեին: Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագետ զգացումներով է սպասում Ֆրանցիսկոս Պապի այցին, որը նաև պիտի նպաստի երկու Եկեղեցիների բարեկամական հարաբերությունների և համագործակցության առավել զորացմանն ու ամրապնդմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը տեղեկացրեց, որ այցի ընթացքում Քույր Եկեղեցու Հովվապետի հետ համատեղ աղոթք պետք է բարձրացվի հանուն աշխարհի խաղաղության:
     Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունեությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համակեցության խնդրին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբավայրերի պահպանության և վերականգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը հայտնեց ուխտավորների շարքերում ներկա գտնվող «Եվրոպա Նոստրա» միջազգային կազմակերպության անդամներին՝ հայոց սրբավայրերի վերականգնման գործում կազմակերպության կողմից ցուցաբերված աջակցության համար:
     Վերջում Նորին Սրբությունն իր ողջույնները փոխանցեց եպիսկոպոս Քրիշտոֆ Շտեֆան Ակկերմանին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: