Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ կաթոլիկ ուխտավորների` գլխավորությամբ Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի իսլամի հետ երկխոսության հարցերով պատասխանատու Դոն Ջիամպիերո Ալբերտիի:
Հանդիպման սկզբում Դոն Ջիամպիերո Ալբերտին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտագնացության նպատակը` ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ազգային-հոգևոր մշակույթը: Կաթոլիկ քահանան հանդիպման հնարավորության համար շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին, ինչպես նաև ուխտավորների սրտակցության և համերաշխության զգացումները փոխանցեց Նորին Սրբությանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով:
Այնուհետև ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների պատմական առնչակցություններին և ներկայիս ջերմ հարաբերություններին` կարևոր նկատելով միջեկեղեցական ոլորտում գործադրվող ջանքերն ի նպաստ մարդկության կյանքում փոխադարձ սիրո, համերաշխության և գործակցության ամրապնդման:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը մխիթարական նկատեց, որ ապրիլի 24-ին` Հայոց Մեծ եղեռնի հիշատակման օրը, հավատակից եղբայրներն աղոթակից պիտի լինեն իրենց Քույր Եկեղեցուն: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդը, ի թիվս պատմության ընթացքում իրեն բաժին ընկած այլ դժվարությունների, իր զորեղ հավատքի շնորհիվ վերապրեց նաև ցեղասպանությունը, ինչը հայ ժողովրդի հոգում մշտավառ է պահում հույսն ու լավատեսությունը, զորացնում է ապրելու կամքը:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: