ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը` պատմական հարուստ անցյալ ունեցող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, այսօր նույն եռանդով շարունակում է իր առաջխաղացումը: Ճեմարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո` վայելելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ուշադրությունը:

Ներկայիս նորանշանակ հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Կալկաթայի հայոց Ս. Նազարեթ եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից որեւէ ջանք չի խնայվում Կալկաթայում գտնվող պատմական այս կրթօջախի բարելավման ու պայծառացման համար:

Այժմ Հայոց Մարդասիրական ճեմարանում ուսանում են հայորդիներ` Հնդկաստանից, Հայաստանից, Պարսկաստանից եւ Իրաքից, որոնք գալիս են գիտելիքներ ձեռք բերելու եւ հայեցի դաստիարակություն ստանալու համար:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, Մարդասիրական ճենարանն ունեցավ իր շրջանավարտների բարի հունձքը: Ավարտելով տասնամյա դասընթացը, ութ շրջանավարտներից վեցը` Հայաստանից եվ Պարսկաստանից, ընդունվեցին Կալկաթայի լավագուլն դպրոցները` շարունակելու տասնմեկ եւ տասներկուերորդ դասարանները: Նրանցից չորսը` Երանուհի Առաքելյան, Անդրանիկ Գեւորգյան, Կարեն Մկրտչյան եւ Արմեն Մակարյան, այժմ սովորում են Կալկաթայի «La Martiniere», իսկ Գագիկ Չիլինգարյանը եւ Ադեն Դավուդին` «The Assembly of God Church» վարժարաններում: Ավարտելով ճեմարանի տասնամյա դասընթացը, շրջանավարտներից երկուսը` Գոռ Գեւորգյանը եւ Էջմին Շահիջանին, վերադարձան` միանալու իրենց ընտանիքներին:

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հյուրընկալ դռները մշտապես բաց են հայ աշակերտների համար: