ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ՕԾՎԵՑ «Ս. ՍՏԵՓԱՆՈՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

2006 թ. հոկտեմբերի 14-ը Կալինինգրադի հայ համայնքի տարեգրության մեջ հատկանշվեց իբրեւ պատմական ամենաբացառիկ օր, քանզի կատարվեց երկար սպասված «Ս. Ստեփանոս» եկեղեցու հանդիսավոր օծումը: Նախորդ օրը, հոկտեմբերի 13-ին, Մոսկվայից Կալինինգրադ ժամանեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիկոպոս Ներսիսյանը եւ Տ. Թադեոս քհն. Տերտերյանը եւ երեկոյան նավակատիքի արարողությունից անմիջապես հետո, ձեռամբ Սրբազան Հոր կատարվեց եկեղեցու գմբեթի եւ զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը:

Հոկտեմբեր 14-ի առավոտյան, ժամը 9.00-ին, տեղի ունեցավ Կալինինգրադի հայ համայնքի կողմից Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սմոլենսկ-Կալինինգրադի Թեմին նվիրաբերված հայկական խաչքարի օծման արարողությունը, որը տեղակայված է Կալինինգրադի կենտրոնական, նորակառույց «Ամենափրկիչ» առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում, բակի հյուսիսային կողմում եւ իր վրա կրում է` «Կալինինգրադի հայ համայնքի կողմից նվիրվում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սմոլենսկ - Կալինինգրադյան Թեմին` ի պատիվ 2006 թ. Սեպտեմբեր 10-ին «Ամենափրկիչ» տաճարի օծման եւ երկու ժողովուրդների հոգեւոր բարեկամության» արձանագրությունը: Խաչքարի հանդիսավոր օծման արարողություն կատարվեց ձեռամբ Եզրաս եպս. Ներսիսյանի եւ առընթերակայությամբ Սմոլենսկ - Կալինինգրադի Թեմի առաջնորդ Սերաֆիմ եպիսկոպոսի, որին իրենց ներկայությունը բերեցին բազմաթիվ հայ եւ ռուս հավատացյալների:

Ժամը 11. 00-ին սկսվեց «Ս. Ստեփանոս» եկեղեցու անդրանիկ պատարագը, որի ընթացում տեղի ունեցավ եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Պատարագիչ Սրբազան Հայրն իր շնորհավորանքի խոսքն ուղղեց բոլոր ներկաներին եւ հորդորեց համախմբվել Սուրբ Եկեղեցու շուրջ եւ հավատքով ու գործով շարունակել անմնացորդ սիրով ու նվիրվածությամբ ծառայել Հայ ժողովրդին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Սուրբ Պատարագից հետո Սրբազան Հայրը մեծ հաննդիսավորությամբ կարդաց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակը ուղղված եկեղեցու հիմնական բարերար, տարածաշրջանի Հայ Ազգա-մշակութային ինքնավարության հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս` Յուրի Քաջոյանին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերագույն պարգեւին, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգեւատրելու մասին:

Եկեղեցու օծման արարողությանը իրենց պատվավոր ներկայությունն էին բերել Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ, մարզային եւ քաղաքային դումաների պատգամավորներ, մարզային կառավարության նախարարներ, Կալինինգրադում հավատարմագրված Եվրոպական երկրների հյուպատոսներ, տարբեր ազգային միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, Ռուսաստանի Հայերի Միության վիցե - նախագահ Գերման Անանյանցը եւ բազմաթիվ հավատացյալ հայորդիք: