Կ. Պոլսի Ս. Գևորգ եկեղեցու «Սահակյան» դպրաց դասի այցը Մայր Աթոռ
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ.Պոլսի Ս. Գևորգ հայկական եկեղեցու «Սահակյան» դպրաց դասին` ուղեկցությամբ Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանի:
Ողջունելով «Սահակյան» դպրաց դասի այցը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու բարեմաղթանքները բերեց դպրաց դասի անդամներին` եկեղեցասեր նվիրյալ գործունեության համար: Վեհափառ Հայրապետը, կարևորելով նշանավոր երգչախմբի օգտաշատ ծառայությունը, հորդորեց հայ հոգևոր և ազգային երգերի կատարումներով շարունակել հայապահպան կարևոր առաքելությունը պոլսահայության կյանքում:
Նորին Սրբությունը դպրաց դասի միջոցով նաև Հայրապետական իր օրհնությունն ու ջերմ ողջույնները հղեց պոլսահայ համայնքին:
Հանդիպման ընթացքում Կ.Պոլսի Ս. Գևորգ եկեղեցու ՙՍահակյան՚ դպրաց դասը հանդես եկավ ազգային-հոգևոր երգերի կատարումներով:
Նույն օրը երգչախումբը համերգային ելույթ ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանում: