Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղեկցությամբ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների և բարերար հայորդիների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մեծ Եղեռնի հուշարձանի առջև Մյուռոնօրհնության մասնակիցների անունից ծաղկեպսակ զետեղվեց, ապա, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Արարաղության սկզբում աղոթք կատարեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ, Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին` Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և համայն աշխարհում խաղաղության համար հայցելով հայոց նահատակների բարեխոսությունը:
«Դուք սրբերդ, նահատակներդ Հայոց Ցեղասպանության, այս առավոտ ցանկանում եմ խոսել ձեզ հետ, ցանկանում եմ ասել, որ դուք Աստծու բարեկամներն եք, դուք հավիտենական կյանքում եք, ձեր արյունը ձեր կյանքի Սուրբ Մյուռոնն էր: Եվ այժմ ցանկանում եմ խոսել ձեզ հետ` բարեխոսեցե՛ք մեզ համար, աղոթեցե՛ք Աստծուն Հայաստանի, Հայոց Եկեղեցու, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսների և Հայաստանի բոլոր հավատացյալների, բոլոր քրիստոնյաների համար…: Աղոթեցե՛ք այս երկրի համար: Բարեխոսեցե՛ք մեզ համար: Մենք աղոթում ենք նաև բոլորի, բայց հատկապես մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր այժմ տառապում են պատերազմից, բռնությունից, ահաբեկչություններից: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք, որ Աստծու ձեռքերում եք, բարեխոսեցե՛ք մեզ համար, խաղաղության շնորհի և Միջին Արևելքում` հատկապես Սիրիայում խաղաղության վերահաստատման համար…: Մենք վստահություն ունենք ձեր նկատմամբ…», - իր սրտաբուխ աղոթքում ասաց Կարդինալ Սանդրին:
Բարեխոսական աղոթքի ավարտին աղոթք ասաց նաև Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ը:
Արարողությունից հետո, ուղեկցությամբ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, հյուրերը շրջեցին թանգարան-ինստիտուտում: